Ոչ իշխանական բոլոր պատգամավորները ստորագրել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի հարցով արտահերթ նիստ անցկացնելու համար

13:35 • 30.09.14

Ազգային ժողովի դիմաց այսօր հավաքված առևտրականներին մոտեցան ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները և հայտարարեցին, որ ոչ իշխանական բոլոր պատգամավորները, ինչպես նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ստորագրել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար:


Հիշեցնենք, որ այսօր բազմաթիվ առևտրականներ այսօր Ազգային ժողովի դիմաց հավաքվել և սպասում են, թե խորհրդարանն ինչ որոշում կկայացնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխության մասով:


«Արդեն հավաքեցինք անհրաժեշտ 45 ստորագրությունները, ստորագրել են բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերի պատգամավորները: Այսօր 18:30-ին նշանակված է արտահերթ նիստ, օրակարգն արդեն նշանակված է: Մենք կարծում ենք, որ իսկապես պետք է այդ նիստը կայանա, տեսնենք՝ քվորում կլինի՞, թե ոչ»,-ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:


Վերջինս նաև նշեց, որ մինչ արտահերթ նիստը՝ հայտարարությունների ժամին իրենք հանդես կգան հայտարարությամբ:


«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանն էլ կոչ արեց հավաքվածներին չոգևորվել, քանի որ իշխանությունն այդ ոգևորությանը հակառակ է գործելու: «Ուզո՞ւմ եք իրենք ընկրկեն, դուք պետք է առաջ գնաք: Դուք պետք է ճնշեք ՀՀԿ պատգամավորներին, որ նրանք մասնակցեն նիստին: Եթե ուզում եք ճնշում լինի, ՀՀԿ-ն ձեզ հետ հաշվի նստի, ձեր աջակցության կարիքն ունենք: Մենք մեր անելիքն անում ենք»,-ասաց նա:


«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկի Մինասյանի խոսքով՝ օրենքի շուրջ մի քանի այլ խնդիրներ էլ կան, որոնք, եթե քննարկում լինի, իրենք կբարձրաձայնեն: «Արդարության սկզբունքը բոլոր դեպքերում պետք է պահպանվի, տա Աստված, որ ՀՀԿ-ն խելքը հավաքի գլուխը, և այս հարցերը քննարկվեն»,-ասաց նա և ավելացրեց, որ քառյակն աջակցում և պաշտպանում է այս նախաձեռնությունը:


Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կոչ արեց, որ բողոքին ավելի շատ մարդիկ մասնակցեն: «Այս օրենքից տուժողները շատ են լինելու, ցանկալի կլինի, որ այս օրենքից տուժողներն ավելի շատ այստեղ լինեն, որպեսզի մենք հասնենք նրան, ինչի համար պայքարում ենք»,-ասաց նա:


Բողոքի մասնակիցները որոշեցին ժամը 17:00-ից լինել ԱԺ-ի դիմաց և սատարել իրենց աջակցող պատգամավորներին, որպեսզի կայանա արտահերթ նիստը: Իսկ մինչ այդ խմբերով կայցելեն բոլոր տոնավաճառներ և բողոքին միանալու կոչեր կանեն: