Ադրբեջանում իրավապաշտպաններ գրեթե չեն մնացել. Deutsche Welle-ի անդրադարձը

09:59 • 30.09.14

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականով՝ Ադրբեջանի իշխանությունները խստացրել են ճնշումներն այլախոհների հանդեպ, որպեսզի ոչինչ չխանգարի երկրում 2 խոշոր մարզական միջոցառումների անցկացմանը, գրում է Deutsche Welle-ն։

 

Ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով Գերմանիայում գրեթե մոռացել են այլ հետխորհրդային հանրապետությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի և այդ երկրում մարդու իրավունքների խախտումների մասին։ Իրավիճակը որոշել են շտկել Human Rights Watch (HRW) և «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։

 

Նրանց նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին HRW-ի բեռլինյան գրասենյակում ելույթ են ունեցել և հարցերի պատասխանել ադրբեջանցի իրավապաշտպաններ Վուգար Գոջաևը և Շահլա Սուլթանովը։ Նրանց գնահատականով՝ իրավիճակն Ադրբեջանում բարենպաստ չէ արդեն երկար տարիներ, սակայն հենց վերջին մի քանի ամիսների ընթացքում են երկրի իշխանություններն առավել ճնշողական քաղաքականություն սկսել վարել այլախոհների, ոչ կառավարական կազմակերպությունների և անկախ լրագրողների հանդեպ։

 

HRW-ի հաշվարկներով՝ 2.5 տարվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել է 50 քաղաքական ակտիվիստ և լրագրող, այդ թվում՝ ընթացիկ տարվա մայիսից ձերբակալվել է 11 մարդ, նրանցից 9 դատապարտվել են։

 

Վերջին շրջանում ճնշումների խստացումն իրավապաշտպանները բացատրում են երկրում առաջիկայում կայանալիք 2 խոշոր միջոցառումներով։ 2015-ին Ադրբեջանը կկազմակերպի պատմության մեջ առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը, իսկ 2016-ին՝ Formula-1 ավտոմրցարշավը։

 

Ադրբեջանում լրագրողներին գրանցում են նաև «սև ցուցակում»։ Ի դեպ, «սև ցուցակում» ներառվում են ոչ միայն իշխանությունների համար տհաճ լրագրողները։ Բոլորովին վերջերս մուտքի վիզայի տրամադրման հարցում մերժել են ավստրիական հայտնի Presse պարբերականի թղթակից Յուտե Զոմերբաուերին, ով պետք է ուղեկցեր Բաքվում Ավստրիայի արտգործնախարարին։ «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունում կարծում են, որ նրան մերժել են Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականության մասին դեռևս 2011-ին քննադատական հրապարակումների համար։

 

Մամուլի ազատության վարկանիշային ցուցակում, որը յուրաքանչյուր տարի հրապարակում է այս իրավապաշտպան կազմակերպությունը, Ադրբեջանը զբաղեցնում է 160-րդ տեղը՝ 180 հնարավորից։