Թաիլանդ այցելած զբոսաշրջիկները կարող են հատուկ ապարանջաններ կրել

10:43 • 30.09.14

Թաիլանդի իշխանությունները դիտարկում են զբոսաշրջիկների համար նույնականացման համարներով հատուկ ապարանջանների ներդրման հնարավորությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է զբոսաշրջության և սպորտի նախարար Կոբկարն Վատանավրանգկուլը, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

«Շարքային համարով և զբոսաշրջիկի գտնվելու վայրի մասին տեղեկությամբ ապարանջան կարող է տրվել հյուրանոցում գրանցվելիս»,- հայտարարել է Վատանավրանգկուլը: Նրա խոսքով՝ նման համակարգը թույլ կտա արագ գտնել կորած կամ աղետի մեջ հայտնված ճանապարհորդներին: Վատանավրանգկուլը նշել է, որ նախարարությունում նաև դիտարկում են զբոսաշրջիկների գտնվելու վայրը որոշելու համար հատուկ էլեկտրոնային սարքերի կիրառման հնարավորությունը:

 

Թաիլանդում գտնվող հանգստավայրերի անվտանգության խնդրով թագավորության իշխանությունները լրջորեն մտահոգվել են երկրի հարավում՝ Տաո կղզում բրիտանացի երիտասարդ զույգի դաժան սպանությունից հետո: 23-ամյա Հանա Վիտերիջի և 24-ամյա Դևիդ Միլերի մարմինները հայտնաբերվել էին նրանց սեփական բունգալոյից մի քանի մետր հեռավորության վրա: Ողբերգությունից հետո երկրի իշխանությունները հրահանգել են մինչև դեկտեմբերի ավարտը տեսախցիկներ տեղադրել զբոսաշրջիկների համար երկրի առավել գրավիչ շրջաններում: