Մեր ամբողջ քաղաքական դաշտը դեկորատիվ է, և հիմնական կոմբինացիաները չեն հանգեցնում «թագավորին մատ անելուն». Գ. Չուգասզյան
Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ իր համար հստակ չէ, թե ոչ իշխանական եռյակի հանրահավաքից հետո ի՞նչ է լինելու, ի՞նչ քայլեր են լինելու, և դա որոշակի կասկած է առաջացնում այդ ամբողջ գործողությունների ուղղության առումով: Չուգասզյանը համոզված է, որ այսօրվա ամբողջ քաղաքական դաշտը դեկորատիվ է, և քաղաքական քայլերի հիմնական կոմբինացիաները երբեք չեն հանգեցնում «թագավորին մատ անելուն»: «Քաղաքականության մեջ, ինչպես և շախմատում, կարևորն այն չէ, թե «խաղաքարը» դեպի ուր շարժվեց, դա կարևոր է միայն այնքանով, ինչքանով ծառայում է բուն խնդրի լուծմանը»,–ասում է նա։
-Հայ քաղաքական օրակարգում այսօր դրված է երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը: Հայաստանին այսօր պե՞տք է դա:
-Սահմանադրական փաստաթուղթ քննարկելու ժամանակը չէ այսօր: Հիմնական խնդիրը, որը Հայաստանի առջև ծառացած է, նորգաղութային վարչակազմի անհապաղ հեռացումը և արտահերթ ընտրությունները նախորդող անցումային փուլին նախապատրաստվելն է: Դրա մասին պետք է խոսել, և առայժմ մենք հստակ ճանապարհ չենք լսում որևիցե մի պաշտոնական ընդդիմադիր կուսակցությունից կամ խմբից:
-Բացի այն, որ գտնում եք, թե հիմա սահմանադրական բարեփոխումների մասին խոսելու ժամանակը չէ, ինքներդ առաջարկվող համակարգի մասին ի՞նչ կարծիք ունեք:
-Աշխարհում կան երկրներ, որոնք չունեն սահմանադրություն, բայց ունեն իրավատեր ժողովուրդ: Աշխարհում կան երկրներ, որոնք ունեն կամ ունեցել են գերազանց սահմանադրություն, ինչպես Ստալինի ժամանակ Խորհրդային միությունում էր, սակայն իրավազուրկ հասարակությունների դասական օրինակներ են: Սահմանադրական երկիր դառնալու համար ժողովրդավարության համն ու հոտը փորձած ժողովուրդ է պետք, որը որպես ապրող արժեք գնահատում է պայքարն իր իրավունքների համար: Բայց քանի դեռ այդ փորձն ամեն օր բռնաբարվում է, խոսել սահմանադրական բարեփոխումների մասին՝ նշանակում է շեղել ժողովրդին հիմնական խնդրից, այն է` ընտրության իրավունքի վերականգնումը:
- ԱԺ ոչ իշխանական եռյակի՝ հոկտեմբերին նախատեսված հանրահավաքի մասին ի՞նչ դիրքորոշում ունեք:
-Հստակություն չկա, թե այդ հանրահավաքով ինչ է առաջարկվում հիմնական խնդիրը լուծելու համար: Հասկանալի է, որ Հայաստանը լրջագույն արտաքին մարտահրավերների առաջ է հայտնվել հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, որոնք էլ ավելի են խորացնում ներքին ճգնաժամը և անհապաղ են դարձնում փոփոխությունների անհրաժեշտությունը:
-Բացի հայտարարված պահանջներից, հանրահավաք անցկացնելու մեջ այլ նպատակներ տեսնո՞ւմ եք:
-Ինձ համար հստակ չէ, թե այս հանրահավաքից հետո ի՞նչ է լինելու, ի՞նչ քայլեր են անելու, և դա որոշակի կասկած է առաջացնում այդ ամբողջ գործողությունների ուղղության առումով: Անհասկանալի է, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում «Հայ Յեղափոխական Դաշնակցության»՝ հանրահավաքին չմիանալու որոշումը:
-Այսօրվա մեր ամբողջ պաշտոնական քաղաքական դաշտը դեկորատիվ է, և քաղաքական քայլերի հիմնական կոմբինացիաները երբեք չեն հանգեցնում «թագավորին մատ անելուն»: Կարող են լինել երկար կամ կարճ կոմբինացիաներ, բայց պետք է խոսել «խաղի» ավարտի մասին, թե ինչպես պետք է «թագավորին մատ անել»: Քաղաքականության մեջ, ինչպես և շախմատում, կարևորն այն չէ, թե «խաղաքարը» դեպի ուր շարժվեց, դա կարևոր է միայն այնքանով, ինչքանով ծառայում է բուն խնդրի լուծմանը: Ըստ իս, մենք դրա համար ունենք շատ կարճ ժամանակ, քանի որ ներքին և արտաքին դիմադրության մաշվող ռեսուրսը մոտենում է «կարմիր գծին»՝ շարունակվող արտագաղթի և բարոյալքող հուսահատության պատճառով:
Ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարին լավագույն հնարավորությունն է, որպեսզի մենք, որպես ժողովուրդ, ապացուցենք նախ և առաջ մեզ, որ չունենք երկվության խնդիր, և միջազգային արդարության պահանջելով հանդերձ՝ նախ ի վիճակի ենք հաստատելու ներքին արդարություն՝ տեր կանգնելով մեր քաղաքացիական իրավունքներին: Հակառակ դեպքում, այն արատավոր շրջանը, որում մենք հայտնվել ենք, վերջնականապես մեզ կբերի պատմության լուսանցք: Մնացած բոլոր քայլերը պետք է գնահատվեն այս ռազմավարության տեսանկյունից: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ այն անշեղորեն նորգաղութային վիճակից շարժվում է դեպի գաղութային նոր վիճակ:
Իսկ նորգաղութային վիճակի քաղաքական մեխանիզմը ընտրական իրավունքի բռնազավթումն էր իննսունականների կեսերին, որը հետագայում ամրապնդվեց տնտեսության մոնոպոլացումով: Այդ մեխանիզմների մասին եթե չենք խոսում, մնացածը քաղաքական շեղող կոմբինացիաներ են:
-Այդ առումով Նախախորհրդարանն իր պլանները ներկայացրել է: Ի՞նչ փուլում են այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
-Նախախորհրդարանը շատ հստակ ասում է, որ առաջիկա ամիսները Հայաստանի համար ճակատագրական են լինելու: Մենք արտակարգ փուլում ենք գտնվում, որն արտակարգ լուծումներ է պահանջում: Որպեսզի մենք ունենանք արտահերթ ընտրություններ, անհրաժեշտ է նախ և առաջ ընտրական հանձնաժողովը փոխել, իսկ դա նշանակում է այսօրվա ապազգային վարչակազմի հեռացում: Իսկ դրան հասնելու ձևն անցումային իշխանության հաստատման ճանապարհն է, որն առաջարկում է Նախախորհրդարանը:










