Ռուսախոս բնակչության ցեղասպանություն. Ռուսաստանը քրգործ է հարուցել Ուկրաինայի դեմ

16:25 • 30.09.14

Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչությունը քրգործ է հարուցել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններում ռուսախոս բնակչությանը ցեղասպանության ենթարկելու առիթով:

 

Կառույցի կայքում զետեղված հայտարարության համաձայն՝ ցեղասպանությունը սկսվել է այս տարվա ապրիլին և շարունակվում է մինչ օրս: Ըստ ռուսաստանցի իրավապահների՝ այդ կոտորածներին զոհ է գնացել առնվազն 2.500 մարդ:

 

Ցեղասպանության անմիջական մեղավորների թվում նշվում է ուկրաինական բանակն ու զինվորականությունը, քաղաքական ղեկավարությունը: Հայտարարության մեջ նշվում է նաև 300 հազար փախստականների մասին:

 

Նշվում է, որ Ռուսաստանի օրենսդրությամբ ցեղասպանության համար մեղավորներին սպառնում է մինչև քսան տարվա ազատազրկում կամ մահապատիժ:

 

Նույն առիթով Russia Today-ը նշում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել Ռուսաստանի Քննչական կոմիտեի դեմ: