Գերմանացի դիզայներները ծաղրել են Պուտինին Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում (լուսանկարներ)
Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում սեպտեմբերի 26-ին կայացել է գերմանական Talbot Runhof ընկերության նոր հավաքածուի ցուցադրությունը։ Հանդիսատեսի համար անսպասելի է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով վերնաշապիկներով մոդելների հայտնվելը, գրում է Обозреватель-ը։
Յուրաքանչյուր մոդելի վրա ռուս նախագահը պատկերված է եղել որևէ քաղաքի խորհրդանիշով, իսկ կարգախոսը եղել է հետևյալը՝ «Այցելեք այս վայրերը, քանի դեռ Պուտինը չի հասել այնտեղ»։
Ինչպես նշում են դիզայներները, իրենց հավաքածուում նրանք ցանկացել են հումորով շոշափել քաղաքական թեման՝ Ղրիմի միացումը Ռուսաստանին։
«Պուտինը վտանգավոր և սառնասիրտ մարդ է։ Նման մարդիկ ամբողջ աշխարհը խավարի մեջ են պահում։ Ոչնչից հակամարտություն ստեղծելն անհավանական է»,- ասել է դիզայներներից մեկը։
Այս ապրանքանիշի հագուստը վաճառվում է ամբողջ աշխարհում, և դիզայներները հույս ունեն, որ Ռուսաստանում նույնպես Պուտինի նկարով վերնաշապիկները մեծ հաջողություն կունենան։


















