Անկապ շարժում էր, մեկս մյուսին չէինք վնասի. Լյուքս Ստեփանյանի գործով 2-րդ տուժողն առաջին անգամ վկայություն տվեց

16:41 • 30.09.14

Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով 2-րդ տուժող Հրաչյա Սարգսյանն այսօր 1-ին անգամ ցուցմունք տվեց՝ ասելով, որ Դավիթ Խաչատրյանը չէր ցանկանա վնասել ո՛չ իրեն, ո՛չ Լյուքս Ստեփանյանին:


Հիշեցնենք, որ վերաքննիչ բողոքով մեղադրվող կողմը պահանջում է վերաորակավորել մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի արարքը, ինչի համար Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 17 տարվա ազատազրկման՝ առաջադրված երկու մեղադրանքները որակելով դիտավորյալ արարքներ:

«Մայիսի 15-ին դեպքը տեղի ունեցավ, չեմ հիշում, ես ինչ արած պետք է լինեի, որ Դավոն նման բան աներ: Դեպքից հետո ես չէի հիշում ինչ է եղել: Շատ ժամանակ անցավ, սկսեցի քայլել, աղոտ պատկերներ եմ սկսել հիշել դեպքի մասին: Նստած ենք եղել ամառանոցում, Լյուքսն էլ ինձ օգնում էր, Դավոն էլ ժամապահ էր: Մեզնից ժամ էր հարցնում, ժամ չկար, որ պատասխանեինք, Միշոն էր դուրս եկել լվացվելու, ինքն էլ ասաց, որ ժամ չունի, Լյուքսի հետ սկսեցին կատակ անել, ոչ մեկս դրան լուրջ չէինք վերաբերում, իրար հետ կատակ էինք անում, հաց էինք ուտում: Նենց էր անցնում օրը, որ մի ընտանիքից էինք մեզ զգում, թշնամական բան մեր մեջ չի եղել: Հիշեցի, որ կատակի ժամանակ Դավիթը զենքը պահեց մեր ուղղությամբ ու հիշեցի, որ ասացինք զենքը իջեցնի, իջեցրեց, կատակը շարունակվում էր, երկրորդ անգամ որ զենքը պահեց, նորից ասացինք իջեցնի, էլի իջեցրեց մի հատ անկապ շարժում եղավ, էլ չեմ հիշում, վերջին բանը, որ հիշում եմ բժշկի խոսքերն էին, որ գոռում էր, որ աչքերս չփակեմ, չքնեմ»,- ներկայացրեց Հրաչյա Սարգսյանը:


Նա նաև ասաց, որ հետո իմացել է, որ կրակոցի հետևանքով Լյուքսն է մահացել, շատ ծանր է տարել: «Շատ ցավալի է, որ Լյուքսը էլ չկա, հավատս էլ չի գալիս, որ դառը իրականությունը սա է: Մեր մեջ թշնամական բան չի եղել, Դավիթի կամ Լյուքսի միջև էլ նման բան չկա: Հիշաչարություն չի եղել, մի հատ անկապ շարժում»,- ասաց նա:


Դատավորի հարցին, թե ինչպես է տղայի առողջական շարժումը, ասաց ձախ ձեռքով նույնիսկ մի բաժակ ջուր չի կարողանում վերցնել: Հարցին, թե գտնում է, որ Դավիթ Խաչատրյանն անզգուշաբար է կրակել, Հրաչը լռեց, այնուհետև ավելացրեց. «Եթե Դավոյի տեղում նստած լիներ Լյուքսը էլի չէի հավատա, որ իրենցից մեկը որևէ մեկիս ցանկանար վնաս տալ»:


Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը, որ հարցաքննեն երկրորդ տուժողին, դատարանը մերժեց: Այնուհետև պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը բավարարվեց մասնակի: