Իրանում արշավի շնորհիվ հետաձգվել է սպանության մեջ մեղադրվող կնոջ մահապատիժը
Իրանում հետաձգել են իրեն բռնաբարել փորձող տղամարդուն սպանած 26-ամյա Ռեյհանե Ջաբարիի մահապատիժը: Ինչպես տեղեկացնում է BBC-ն` պաշտոնյաները հայտնել են, որ Ռեյհանեին երկուշաբթի տեղափոխել են Թեհրանի արևմուտքում գտնվող բանտ, որտեղ պետք է տեղի ունենար նրա մահապատիժը:
Ակտիվիստները երեքշաբթի հայտնել են, որ առցանց կազմակերպված արշավի արդյունքում հաջողվել է 10 օրով հետաձգել մահապատիժը:
Մարդու իրավունքների պաշտպանության հարցով Amnesty International խումբը հայտնել է, որ մահապատժի որոշումը կայացվել է խորապես սխալ իրականացված հետաքննության արդյունքում:
Ռեյհանեն 2007-ին ձերբակալվել էր Իրանի հետախուզության նախարարության նախկին աշխատակցին սպանելու համար: Նրան պահել են մեկուսարանում առանց փաստաբանի հետ շփվելու իրավունքի, որից երկու տարի անց` 2009-ին Թեհրանի քրեական դատարանը նրան մահապատժի է դատապարտել:
Կինը թեև խոստովանել է, որ դանակով հարված է հասցրել այդ տղամարդուն, բայց նրա պնդմամբ` տանը մեկ այլ մարդ է եղել, ով էլ սպանել է նրան:










