Գրոհայինները շրջապատել են Իրաքի բանակի 6 ստորաբաժանում
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները շրջապատել են անմիջապես Իրաքի բանակի վեց ստորաբաժանում երկրի արևմտյան Անբար շրջանում, որը սահմանակից է Սիրիայի հետ: Ինչպես հայտարարել է այդ շրջանի ոստիկանության ղեկավար Ահմեթ Սադաք ադ-Դուլեյմին, ծայրահեղականները սպառնում են 600 զինծառայողների կյանքին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Միևնույն ժամանակ, հյուսիսային շրջաններում քրդական զինված ստորաբաժանումներն անցել են հարձակման և երեք ուղղություններով գործողություններ են իրականացնում:
Ինչպես պարզաբանել է ադ-Դուլեյմին, գրոհայինները «շրջափակել են ուժայիններին Անբարի երկու տարբեր հատվածներում»: Մի դեպքում՝ ծայրահեղականները հարձակվել են զինծառայողների վրա շրջանի վարչական կենտրոնի՝ Ռամադի քաղաքից արևելք ընկած հատվածում, իսկ մյուս դեպքում՝ շրջանի հյուսիսում գտնվող «Զիրաա Դիջլյա» ճանապարհին:
Շրջանի ոստիկանության ղեկավարի խոսքով՝ ուժային կառույցներն այժմ մշակում են շրջափակումը ճեղքելու ծրագիր՝ ռազմական ավիացիայի կիրառմամբ:










