«Իսլամական պետությունը» հրապարակել է բրիտանացի պատանդի մասնակցությամբ նոր տեսանյութ
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները հրապարակել են գերեվարված բրիտանացի լրագրող Ջոն Քենթլիի մասնակցությամբ երրորդ տեսագրությունը, գրում է «Взгляд»-ը:
«Ցավոք, Բարաք Օբաման ընտրել է կոնֆլիկտի լուծման առավել կանխատեսելի ճանապարհը»,- ասում է Քենթլին, ում գրոհայիններն առևանգել էին Սիրիայում 2012 թվականին:
«Օդային հարվածները չեն օգնի Արևմուտքի երկրներին գրավել և պահպանել իրենց հարկավոր օբյեկտներն ու շրջանները: Դրա համար նրանց անհրաժեշտ են մարզված և կարգապահ զորքեր, սակայն ո՛չ Իրաքի բանակը, ո՛չ սիրիացի ապստամբներն այդպիսին չեն»,- շարունակել է լրագրողը:
Ավելի վաղ ծայրահեղականները համացանցում տարածել էին քարոզչական տեսանյութ, որտեղ նույն պատանդը կոչով դիմում է հանրությանը՝ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող արևմտյան ուժերին կանգնեցնելու համար:










