Հյուսիսային Կորեայում նորաձև է դարձել շշալցված ջուրը. Daily NK
Շշալցված խմելու ջուրը նորաձև է դարձել ԿԺԴՀ-ում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Daily NK-ին, որն էլ վկայակոչում է իր աղբյուրին:
«Կապիտալիստական երևույթները շարունակում են ներխուժել մարդկանց առօրյա կյանքի տարբեր ոլորտներ»,- ասված է հոդվածում: Մասնավորապես՝ Հյուսիսային Կորեայում կան պիցցերիաներ և տաքսի ծառայություններ:
Այժմ ԿԺԴՀ-ում վաճառվում է շշալցված ջուր: Ինչպես պատմել է Փհենյան-Նամդո շրջանից աղբյուրը, դեռևս մի քանի տարի առաջ հյուսիսկորեացի բնակիչները հայտարարում էին, որ կապիտալիստական երկրներում «դուք անգամ պետք է ձեր սեփական ջուրը գնեք», սակայն այժմ դա իրականություն է դարձել հենց ԿԺԴՀ-ում:
Աղբյուրի համաձայն՝ այդ շուկան ավելի ու ավելի է ծավալվում: «Մարդիկ, ովքեր գումար չունեին բիզնես սկսելու համար, վաճառում են աղբյուրի ջուրը, որպեսզի գումար հավաքեն ապագա մեկնարկային կապիտալի համար»,- ասել է նա:
Թերթը նշում է նաև, որ ԿԺԴՀ-ն Sindeok Saemmul անվանումով սեփական ապրանքանիշի աղբուրի ջուր է արտադրում, սակայն այն միայն արտահանվում է, իսկ ապահովված բնակիչները կարող են իրենց թույլ տալ Չինաստանից շշալցված ջուր գնել:










