Քրդերը սկսել են հարձակումը ջիհադիստների դիրքերի վրա
Իրաքի հյուսիսում քրդական զորքերը սեպտեմբերի 30-ին սկսել են զանգվածային հարձակումն «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի վրա, գրում է Deutsche Welle-ն:
Ինչպես հայտնում է dpa գործակալությունը՝ վկայակոչելով հրամանատարության ներկայացուցիչներին, գործողություններն իրականացվում են երեք ճակատով:
Ազատագրվել է չորս գյուղ, որոնցից երկուսը գտնվում են Սիրիայի հետ սահմանի մերձակայքում, ևս երկուսը՝ Քիրքուք քաղաքից հարավ: Մարտեր են ընթանում նաև Մոսուլ քաղաքի մոտակայքում:
Քրդական կազմավորումներն օգնություն են ստանում մի քանի արևմտյան պետություններից: Մասնավորապես՝ իրականացվում է զենքի և զինամթերքի մատակարարում: Քրդերի հարձակման նախօրեին ջիհադիստների դիրքերի վրա հարվածներ է հասցրել ԱՄՆ ավիացիան: Վաշինգտոնին աջակցություն են ցուցաբերում մի շարք եվրոպական և արաբական պետություններ, որոնց ռազմական ինքնաթիռները մասնակցում են ռմբակոծություններին:










