Վերաքննիչ դատարանը Լյուքս Ստեփանյանի գործով կանխակալ վերաբերմունք ունի. մեղադրյալի պաշտպան (տեսանյութ)
Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր Վերաքննիչ դատարանում դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
«Դատարանն այս գործում ի սկզբանե ցույց տվեց, որ կանխակալ վերաբերմունք ունի: Դատարանն իր պրոֆեսիոնալիզմով պետք է բաց չթողներ հանգամանքը, որ տուժողն անվանեց անկապ շարժում: Այդ ի՞նչ եղավ, որ այդ ցուցմունքը հանկարծ դատարանի համար անկարևոր դարձավ»,-ասաց նա՝ անդրադառնալով գործով մյուս տուժող Հրաչյա Սարգսյանի այսօր տված ցուցմունքին, որ Դավիթ Խաչատրյանի կողմից դեպքի ժամանակ «անկապ շարժում» է տեղի ունեցել:
Պաշտպանի խոսքով՝ բնականաբար, դատարանին դա չի հետաքրքրում, քանի որ դատարանն ի սկզբանե ուներ կանխակալ մոտեցում. «Ես չեմ կարծում, որ դատարանը գտնում էր, որ այդ անկապ շարժումը տուժողը չէր կարող բացատրել, թե ինչ է: Հետևաբար, եթե դատարանին չեն հետաքրքրում այդ հանգամանքները, հետևաբար դատարան արդեն որոշել է իր անելիքները»:
Ըստ նրա՝ տուժողը դատարանում ցուցմունք չտվեց, ընդամենը դիրքորոշում հայտնեց: «Կարող է մեկը թևից քաշել է, որ կրակել էր, դատարանին դա չէր հետաքրքրում: Ես նշում եմ, որ դատարանը շարունակում է պետական մարմինների որդեգրած քաղաքականությունը:Այս հանգամանքները հաշվի առնելով՝ գտնում եմ, որ դատարանն ակնհայտորեն կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում, ուստի դատարանին հայտնում եմ ինքնաբացարկ»,-ասաց նա:
Դատախազը հայտարարեց, որ միջնորդությունն անհիմն է, այն պետք է մերժել. դատարանը մերժեց ինքնաբացարկի դիմումը: Դատաքննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ վերաքննիչ բողոքով մեղադրվող կողմը պահանջում է վերաորակավորել մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի արարքը, ինչի համար առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 17 տարվա ազատազրկման՝ առաջադրված երկու մեղադրանքները որակելով դիտավորյալ արարքներ:










