Մեքսիկան չի միանա «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիային

10:54 • 30.09.14

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սերխիո Ալկոսերը հայտնել է, որ երկիրը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ին բոլոր մարդասիրական առաքելություններում, սակայն միանալ Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային՝ Մեքսիկան չի պատրաստվում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Նա նշել է նաև, որ խստորեն քննադատում է ԻՊ-ի իրականացրած սպանությունները և բացարձակ անընդունելի է համարում նմանատիպ գործունեությունը, սակայն, միևնույն ժամանակ Մեքսիկան չի պատրաստվում միանալ ռազմական բնույթ ունեցող որևէ կոալիցիայի, որի գործողություններն ուղղված կլինեն որևէ խմբավորման կամ կազմակերպության դեմ։

 

Այս հայտարարությամբ Մեքսիկայի կառավարությունը հերքել է վերջերս տարածված այն լուրերը, թե Մեքսիկան ռազմական աջակցություն է ցուցաբերում ԻՊ-ի դեմ պայքարում։