Առևտրականները կրկին ԱԺ-ի դիմաց են, պատրաստվում են սպասել մինչև ԱԺ արտահերթ նիստը

12:11 • 30.09.14

Բազմաթիվ առևտրականներ ինչպես երեկ, այսօր ևս Ազգային ժողովի դիմաց հավաքվել և սպասում են, թե այսօր խորհրդարանն ինչ որոշում կկայացնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխության մասով: Նրանք պատրաստվում են սպասել մինչև նիստի ավարտը:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ Կառավարության շենքի դիմաց իրենց դժգոհությունը հայտնած տարբեր տոնավաճառների աշխատողները պահանջում են օրենքը հետ կանչել, քննարկել իրենց պահանջները և հետո միայն օրենքն ուժի մեջ մտնի: Նոր փոփոխությամբ առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:


Նշենք նաև, որ երեկ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ բողոքողներին են մոտեցել ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներ և հայտարարել, որ իրենք այդ հարցով պահանջելու են արտահերթ նիստ, որը նախատեսվում է անցկացնել այսօր: