Ընտանեկան բռնության ենթարկվածների թիվն այս տարի եռակի աճել է
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանն այսօր մամուլի ասուլիսում հայտնեց, որ ընտանեկան բռնության ենթարկվածների թիվն այս տարի երեք անգամ աճել է: Նա նշեց, որ ըստ պաշտոնական տվյալների, եթե նախորդ ամբողջ տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, բռնության է ենթարկվածների թիվը եղել է 580, ապա այս տարի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 1501 դեպք: Նա նաև հայտնեց, որ անցած ամբողջ տարվա ընթացքում բռնության ենթարկվելու հետևանքով յոթ կին է մահացել, իսկ այս տարի սեպտեմբերի դրությամբ՝ ինը կին:
Պերճուհի Կաժոյանի գնահատմամբ՝ հաճախ կանայք բռնության ենթարկվելու դեպքում խուսափում են ոստիկանություն դիմել, քան որ ոստիկանության նկատմամբ վստահության պակաս կա և դիմում են ավելի շատ հասարակական կազմակերպություններին: Ըստ նրա՝ չդիմելու համար խնդիր է նաև ամոթը, բռնարարի նկատմամբ վախը, մեղավորության զգացումը, ինչպես նաև ընտանիքը պահպանելու ձգտումը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Նվարդ Մարգարյանը խոսեց «Ընտանեկան բնության կանխարգելման» մասին օրենքի անհրաժեշտությունից, քանի որ այն լայնացնում է պաշտպանության շրջանակը ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ: Նա նշեց, որ նախկինում ներկայացված օրենքն իրենք լրամշակել են, խնդրահարույց դրույթները՝ հանել: «Ամբողջովին չենք կարող կանխարգելել ընտանեկան բռնությունները, սակայն կարող ենք նվազեցնել»,-ասաց նա:
Կոալիցիայի մեկ այլ անդամ՝ Արման Ղարիբյանը, ներկայացրեց իրենց միջոցառումների ծրագիրը: Նա նշեց, որ նախատեսել են հոկտեմբերի մեկին շրջիկ ակցիաներ անցկացնել Երևանի տարբեր համայնքներում, այնուհետև ժամը 18:00-ին Կարապի լճի մոտ մոմավառություն են անելու՝ ի հիշատակ բռնության զոհերի: «Հոկտեմբերի երկուսին ժամը տասից հավաքվելու ենք կառավարության շենքի դիմաց՝ կոչ անելով կառավարությանը ընդունել օրենքը»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե կարելի՞ է պնդել, որ ոչ թե բռնության դեպքերն են աճել, այլ՝ բացահայտումների քանակը և որ ոստիկանությունում իրականացրած բարեփոխումները անարդյունավետ են, Պերճուհի Կաժոյանը պատասխանեց. «Բռնության դեպքերը շատանում են, զուգահեռ՝ ոստիկանությանը դիմելու պատրաստակամությունը»:
Նա նշեց, որ թեև կան շատ լավ ոստիկաններ, որոնց հետ համագործակցում են, սակայն շարունակում են լինել դեպքեր, երբ ոստիկանությանը դիմելու կնոջ փորձը բացասական է եղել: Բանախոսը նաև նկատեց, որ հասարակության մեջ իրազեկվածության մակարդակը մեծացել է:










