Նորապսակ ադրբեջանցին ընտանեկան վեճի պատճառով 7 մարդու է սպանել, այդ թվում՝ կնոջը
Ադրբեջանի Գերանբոյի շրջանի գյուղերից մեկում այսօր միջադեպ է տեղի ունեցել. Ռաֆիկ Հուսեյնով անունով տղամարդը զենքով եկել է աներոջ տուն, սպանել 7 մարդու, հայտնում է «Ինտերֆաքս- Ադրբեջան»-ը։
Տղամարդը որոշել է վրեժ լուծել կնոջից և նրա բարեկամներից, երբ կինը՝ 30-ամյա Սուդաբա Մամեդովան, վերադարձել է հայրական տուն ամուսնու հետ վեճից հետո։ Ընդ որում՝ կնոջ հայրն արգելել է դստերը վերադառնալ ամուսնու մոտ։ Նշվում է, որ նրանք ամուսնացած են եղել մոտ 1 ամիս։ Վեճի պատճառը չի նշվում։
Հարձակման զոհ են դարձել ընտանիքի գրեթե բոլոր անդամները, ովքեր այդ պահին գտնվել են տանը, ներառյալ՝ 3-ամյա երեխա։ Երկու մարդ վիրավորվել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Ավելի ուշ Հուսեյնովը հանձնվել է իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ նրանց հանձնելով հրազենն ու նռնակը։










