Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումից 10 օր անց. արձագանքները հերթապահ բնույթի էին. կարծիքներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումից անցել է արդեն տասն օր, և թուրքական մամուլում այդ իրադարձության վերաբերյալ արձագանքներ գրեթե չկան: Tert.am-ի հետ զրույցում թուրքագետներ Ռուբեն Մելքոնյանը և Լևոն Հովսեփյանը, ինչպես նաև արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձան Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման՝ թուրքական մամուլի և միջազգային հանրության արձագանքներին:
ԵՊՀ արևելագիտության ամբիոնի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ այդ դեպքը մեր լրատվամիջոցների, մեր քաղաքական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերով անմիջապես դարձավ միջազգային և՛ բարձր ատյանների առաջին լուր, և՛ միջազգային մամուլի լուր:
«Սակայն, բոլոր արձագանքները եղան զուտ հերթապահ, և դրանց չհետևեց միջազգային մամուլի և միջազգային կազմակերպությունների կոնկրետ քայլերը և հենց ա՛յն քայլը, որին մենք սպասում էինք, այն է՝ Թուրքիայի և իսլամիստների կապի բացահայտում, Թուրքիայի կողմից հերթական մշակութային եղեռնի քննադատում»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Ինչ վերաբերում է թուրքական մամուլին, ապա մենք ականատես եղանք արդեն տևական ժամանակ Թուրքիայի կողմից որդեգրված քաղաքականությանը՝ այն է՝ չարձագանքման քաղաքականությանը:
Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ գնալով էլ ավելի ենք համոզվում, որ սա Թուրքիայի քաղաքական գործիչներից և իշխանական մարմիններից պետականորեն իջեցված պատվեր է՝ չարձագանքել Հայաստանի կամ հայության հետ կապված սկանդալային լուրերին կամ այնպիսի փաստերին, որտեղ Թուրքիայի մասնակցությունն առավել քան ակնհայտ է:
«Այս դեպքն էլ նման արձագանք ունեցավ. թուրքական մամուլը հերթապահ արձագանք արեց եկեղեցու պայթեցմանը, հիմնականում հղում անելով հայկական մամուլին կամ «Ակօս»-ին, բայց մյուս քննարկումները, մասնավորապես, որ Թուրքիան է այդ ամենի հետևում կանգնած, Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը և այլն, ըստ էության, որևէ արձագանք չստացան Թուրքիայի կողմից: Այս քաղաքականությունն իրենց ավելի է ձեռնտու. անտեսելով, չարձագանքելով նման փաստերին, չարձագանքելով Նախագահի հրավերին՝ մասնակցելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ նրանք ժամանակավորապես խուսափում են պատասխանատվությունից և խուսափում են բավական ծանր իրավիճակներում հայտնվելուց»,-նկատեց թուրքագետը:
Նա նաև ասաց, թե նույնիսկ միջազգային ամենաբարձր ամբիոնում՝ ՄԱԿ-ի գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես չի գալիս այդ վանդալիզմի, այդ չարիքի քննադատությամբ, այլ փորձում է նույնիսկ մեղմացուցիչ հանգամանքներ գտնել նրանց համար:
«Այսքանից հետո հույս տածել, որ Թուրքիան կդատապարտի համամարդկային չարիքը, ուղղակի միամտություն է»,-նշեց Ռուբեն Մելքոնյանը:
Արաբագետ Արմեն Պետրոսյանը ևս ասաց, թե Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման դեպքին միայն թուրքական «Ակօս» թերթի արձագանքը կարող է առանձնացնել:
«Հայկական լրահոսում մենք տեսնում ենք ավելի շատ ոչ թե հրապարակումներ, այլ դիվանագիտական կամ պետական շրջանակներում և առանձին միջազգային կառույցների կողմից Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման քննադատման լուսաբանում»,-ասաց Արմեն Պետրոսյանը:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանն էլ ասաց, թե Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման հետ կապված բուռն արձագանքներ են եղել միջազգային մամուլում, տարբեր հարթակներից տարատեսակ քննադատություններ են եղել, Հայաստանի Նախագահի աշխատակազմի ղեկավարի արձագանքը եղավ, սակայն, որքան էլ տարօրինակ է, Թուրքիան որևէ կերպ չարձագանքեց:
«Երբ այդ ամենում հայկական կողմից կոնկրետ մատնացույց էր արվում Թուրքիան, սակայն Թուրքիան որևէ կերպ դրան չպատասխանեց»,-ասաց Լևոն Հովսեփյանը՝ առավել տարօրինակ համարելով այն, որ որքան էլ միջազգային մամուլն արձագանքեց ու քննադատեց այն, թուրքական մամուլը քար լռություն պահպանեց այդ հարցով:










