Ազատամարտիկների և եռյակի համագործակցության մտահղացում կա. Մանվել Եղիազարյան
Դեռ շատ դժվար է կարծիք հայտնել, քանի որ որոշիչ, շոշափելի ոչինչ չկա. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով եռյակի գործունեությանը։
«Եռյակի գործողությունները շատ դանդաղ և անորոշ են, չգիտենք, թե ինչպես է ավարտվելու, դրա համար վերջնական գնահատական տալ չենք կարող։ Գուցե հոկտեմբերի հանրահավաքից հետո հնարավոր լինի վերջնական գնահատական տալ»,-ասաց ազատամարտիկը։
Նա տեղեկացրեց, որ վաղը նախատեսված է ժողով անցկացնել, որի ժամանակ որոշվելու է, թե ինչպես պետք է հանդիպեն եռյակի հետ և ինչ գործունեություն պետք է ծավալեն։ «Այդպիսի մտահղացում կա՝ համագործակցել եռյակի հետ»,- ասաց նա։
Ըստ նրա իշխանություններն այսօր այնքան էլ ամուր չեն, և մեր իրականությունն այնքան կեղծ է, որ որևէ ուժին ազնիվ համարելը ճիշտ չէ։ «Խնդիրն այն չէ, որ մենք հրեշտակներ ենք փնտրում, հրեշտակներ չկան ոչ մի դաշտում։ Այս կռիվը մարդ մնալու կռիվ պետք է լինի, ոչ թե ստամոքսի կռիվ»,- ասաց նա և ավելացրեց, որ եթե իշխանափոխություն լինի ամբողջը պետք է տրվի ժողովրդին, ոչ թե եռյակին։
Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ եռյակն ազատամարտիկների հետ քննարկելու է իշխանություններից «ազատվելու ուղիները»։










