Լոնդոնցիները պատրաստ են նույնիսկ երեխաներից «հրաժարվել» անվճար ինտերնետի համար
Լոնդոնի բնակիչները համաձայնել են հրաժարվել իրենց առաջնեկներից՝ անվճար Wi-Fi կապի համար։ Այդպիսին են փորձի արդյունքները, որն անցկացվել է բրիտանական մայրաքաղաքի սրճարաններից մեկում։
Փորձի հեղինակներին հաջողվել է գործնականում ցույց տալ սմարթֆոնների և պլանշետների օգտատերերի շրջանում «բացարձակ անտարբերությունն» անվտանգության հանդեպ, գրում է ДНИ.ru-ն։
Սրճարանի այցելուներին առաջարկվել է անվճար ինտերնետի հասանելիության վերաբերյալ պայմանագրի կանոններին համաձայնություն տալ։ Ակցիայի նպատակն է եղել ցույց տալ, թե որքան անուշադիր կարող են լինել օգտատերերը սեփական անվտանգության հանդեպ։ Կողմերի պարտավորությունների կետում անվճար ինտերնետի դիմաց առաջարկվել է միայն հրաժարվել սեփական երեխաներից, իսկ ավելի ճիշտ՝ ավագ երեխայի հանդեպ ծնողական իրավունքից։
«Դուք հրաժարվո՞ւմ եք ձեր ավագ երեխայից մի ամբողջ հավերժություն»,- գրված է եղել պայմանագրում, որը կես ժամվա ընթացքում «ստորագրել է» 33 մարդուց 6-ը։
Հետազոտության գլխավոր խնդիրը եղել է ցույց տալ, թե որքան կարևոր է ուշադիր վերաբերվել նման պայմանագրերի ստորագրմանը հանրային վայրերում անվճար Wi-Fi ստանալու համար։ Իրենց անուշադրության պատճառով մարդիկ կարող են բախվել բազմաթիվ խնդիրների։










