ԲՀԿ-ն «Շրջանառության հարկի մասին» օրենքին կողմ է քվեարկել, իսկ այսօր ժողովրդի անունից է խոսում. Էդուարդ Շարմազանով

14:20 • 01.10.14

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար զարմանալի է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, որոնց դեմ պայքարում են տոնավաճառի աշխատողները, դեմ են արտահայտվում նաև ոչ իշխանական խմբակցությունները:


«Այս խնդիրը քննարկվել է, բազմաթիվ խմբակցություններ կողմ են քվեարկել, հունիսի 20-ին կողմ է քվեարկել նաև ամենամեծ միտինգավոր կուսակցությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը՝ նկատի ունենալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:


Հարցին, թե հիմա ինչ է փոխվել, որ ժամանակին կողմ քվեարկած խմբակցությունները դեմ են արտահայտվում, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ այդ հարցը պետք է նրանց ուղղել. «Մեր խնդիրն է հարթակ ստեղծել, որ քաղաքական գործիչները քննարկեն, և այդ հարթակը կա, ու այսօր կնստեն քննարկելու։ Ի վերջո, պետք է խնդիրը լուծում ստանա, այնպիսին պետք է լինի լուծումը, որ բյուջեն չտուժի, և մեր պետությունն ու ժողովուրդը չտուժեն»,- ասաց նա:


Ըստ Շարմազանովի` ամեն ինչ պետք է լինի ոչ թե քաղաքական, այլ օրենսդրական մակարդակի վրա: «Մի քիչ էլ դժվար է իշխանության համար, քանի որ շատ քաղաքական կուսակցություններ ամիսը մեկ կարծիք են փոխում, ամսի 20-ին կողմ էին քվեարկել, հիմա մի քանի ամիս անց ասում են` դեմ ենք: Բա ո՞րն է երաշխիքը, որ այսօր ընդունեցին, վաղը չեն դժգոհի, մանկապարտեզ չէ: Դրա համար ավելի լավ է նստել քննարկել, երաշխիք չկա, որ ծափահարություններով կողմ են քվեարկել, ասում էին` շատ ավ է, որ 3.5%-1% են իջեցնում, ստվերը կրճատվում է, և մարդը օգուտ է տալիս, ու բյուջեն էլ կլցվի, հիմա հակառակն են պնդում: ԲՀԿ-ից, որ պայքարում են, իրենք կողմ են քվեարկել»:


Ինչ վերաբերում է արտահերթ նիստին, ապա Շարմազանովն ընդգծեց, որ երկու օր առաջ իրենք էին հանդես եկել օրենքը քննարկելու նախաձեռնությամբ: «Արտահերթին չեկան, իրենք 60 պատգամավոր են, 30-ը չկային։ Եթե ես օրենք եմ խախտում, իրավունք չունեմ դիմացինին ասելու` դուք կարգազանց եք»,- նկատեց նա:

 


Իսկ հարցին, թե հանուն ժողովրդի չարժեր, որ ՀՀԿ-ն երեկ գար ու մասնակցեր արտահերթին, ՀՀԿ խոսնակն արձագանքեց. «Երբ որ արտահերթ հրավիրած քաղաքական գործիչներն իրենց ղեկավարներով, ակտիվ գործիչներով հանդերձ ներկա կլինեին նիստին, այն ժամանակ իրենք իրավունք կունենային հարցեր տալու` ՀՀԿ-ն եկել է, թե՝ ոչ: Պետք չէ ամեն ինչ ժողովրդի անունից ասել ու ժողովրդի հետևը թաքնվել: ՀՀԿ-ն ներկայացավ, ես կայի, ԱԺ նախագահը կար, երկու օր իրար վրա նիստ ենք փակել, ո՞ւր էին մեր գործընկերները, բա եթե ժողովրդի մասին մտածում էին, ինչո՞ւ չեն տարիներով գալիս նիստերին, ժամը 6:30 թող գային, երբ արտահերթ էինք հրավիրում, ինչո՞ւ իրենք չէին մասնակցում»,- եզրափակեց Շարմազանովը: