Միջոցներ չձեռնարկելու դեպքում 2050թ. ՀՀ–ում տարեցների թիվը կհասնի 26%-ի. այսօր Տարեցների միջազգային օրն է
Այսօր ամբողջ աշխարհը 24-րդ անգամ տոնում է տարեցների օրը: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, այսօր ամբողջ աշխարհում 60 և ավելի տարիքի մարդիկ ամբողջ աշխարհի բնակչության 12%-ն են կազմում, և հաշվարկված է, որ 2030թ. 60 տարեկանից բարձր անձանց թիվը կգերազանցի 10 տարեկանների թվին: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա Հայաստանում տարեցների թիվը բնակչության 13%-ն է կազմում, ինչը նշանակում է, որ մեր հասարակությունը ծերացող է:
«Եթե Հայաստանում ամեն ինչ մնա այսպես, ապա 65 և բարձր տարիքի անձանց թիվը կլինի 23%, իսկ 60 և ավելի տարեկաններինը կլինի ավելի բարձր՝ 26-27 տոկոս: Մեր բնակչության մեկ երրորդը կլինի տարեց: Նույնիսկ լավագույն դեպքում տարեց բնակչության թիվը Հայաստանում 2050թ. կկազմի բնակչության 20%-ը»,-ասաց նա:
Գարիկ Հայրապետյանը նշեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ Արցախի պատերազմից հետո Հայաստանում ծնելությունը կտրուկ նվազեց և այսօր քաղում ենք հետևանքները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը նշեց, որ այսօր պետությունը տարեցների հարցում իր առաջնահերթությունն է համարում տարեցների կյանքի որակի բարելավումը, նրանց համար արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը:
«Ես չեմ ասում, թե դա այսօր գերազանց է, բայց քայլ առ քայլ միջոցառումներ են մշակվում ու ձեռնարկվում, քաղաքական փաստաթղթեր են ընդունվում, որ կարողանանք ապահովել նորմալ կենսապայմաններ»,-ասաց նա:
Անահիտ Գևորգյանը տեղեկացրեց, որ Հայաստանում այսօր գործում են 8 խնամքի կենտրոններ կամ, ինչպես ասում են, ծերանոցներ և ցերեկային կենտրոններ՝ տարեց մարդկանց ժամանցը, զբաղվածությունը ապահովելու համար:
«Այսօր պետությունն այդ ծառայությունները տրամադրելու համար հատկացնում է ավելի քան 2.5 մլրդ դրամ տարեկան շուրջօրյա խնամքի, ցերեկային կենտրոնների համար: Ունենք տնային սպասարկման երկու խոշոր կառույց՝ մեկը պետական, մյուսը՝ մասնավոր, որոնք միասին տներում սպասարկում են շուրջ 4000 միայնակ ծերերի: Տուն ինտերնատներում այսօր բնակվում են 1250 տարեց անձինք»,-ասաց նա:
Անահիտ Գևորգյանը նաև նշեց, որ նախարարության կողմից մշակվել է երկու կարևորագույն փաստաթուղթ, որոնք կյանքի պետք է կոչվեն առաջիկայում: Համաձայն այդ փաստաթղթերի՝ պետք է ընդլայնվի այն ծառայությունների ցանկը, որոնք այսօր մատուցվում են տարեցներին: Նա նշեց, որ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կլինեն հավելյալ միջոցներ:










