Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին «պատի» կառուցումը հետաձգվել է
Ուկրաինական «Պատ» նախագծի իրականացման ժամկետները, որն ուղղված է Ռուսաստանի հետ սահմանը կարգավորելուն, հետաձգվել են, հաղորդում է korrespondent.net-ը:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Աստախովը, շինարարությունը հետաձգվել է, երբ անցած շաբաթ նախագիծը Ենթակառուցվածքների նախարարության հաշվեկշռից փոխանցել են սահմանապահներին:
Կառավարության համապատասխան որոշումը, նրա խոսքով, կհրապարակվի, երբ ընդունվի և հաստատվի նախագծի նոր պլանը: Այդ ժամանակ կառավարությունը կրկին կորոշի բյուջեն և իրականացման ժամկետները:
«Իրավիճակը փոխվել է. այժմ մենք հանդես ենք գալիս որպես նախագծի պատվիրատու և իրականացնող: Դրա մեկնարկից հետո եղել են դիտողություններ և այլ նախարարությունների ցանկություններ: Այժմ մշակվել են նոր փաստաթղթեր, որոնք այժմ գտնվում են կառավարությունում»,- նշել է Աստախովը:
Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Մաքսիմ Բուրբակը, կատարողին որոշել են փոխել «ժամանակը ռացիոնալ օգտագործելու համար»:
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի հետ սահմանին պատի կառուցումն անհնարին կդարձնի երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնումը:










