ՄԹ ԱԳՆ-ն 1915 թ. 1.5 մլն հայերի կոտորածներին վերաբերող ավելի քան 50 գաղտնի փաստաթուղթ է հրապարակել

14:55 • 02.10.14

Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարությունը հինգ տասնյակից ավելի գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, որոնք վերաբերում են 1915 թվականի 1.5 մլն հայերի կոտորածներին և այդ հարցում ՄԹ կառավարության քաղաքականությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթղթերը կարելի է տեսնել ՄԹ կառավարության պաշտոնական կայքում` հրապակումներ բաժնում:

Փաստաթղթերը պարունակում են արտաքին գործերի նախարարության տարբեր բաժանմունքների կողմից գրված նամակներ Միացյալ Թագավորության նախարարներին և պատգամավորներին: Փաստաթղթերից մեկում, որը թվագրվում է 2010 թվականի հունիսի 17-ով և հասցեագրված է այդ ժամանակ Եվրոպայի հարցերով նախարար Ջասթին ՄքՔենզի Սմիթին նշվում է. «Հայկական սփյուռքը լոբբիստական հզոր աշխատանքներ է կատարում համոզելու աշխարհի կառավարություններին 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների համար կիրառել «Ցեղասպանություն» եզրը: Արտաքի գործերի նախարարությունը պարբերաբար նամակներ է ստանում խորհրդարանականներից և հասարակությունից, ուր կոչ է արվում այդ իրադարձությունները որպես Ցեղասպանություն ճանաչել»:

Նշվում է նաև, որ խնդրի վերաբերյալ դիմումներ սկսել են ստանալ նաև կառավարության մյուս գերատեսչությունները և վարչակազմի աշխատակիցները, թեև դա ԱԳ նախարարության լիազորություններին ենթական խնդիր է:

Նախարարին առաջարկվում է խնդրին անդրադառնալիս ընտրել ՄԹ արտաքին գերատեսչության նախընտրելի քաղաքականությունը` հայերի կոտորածները չճանաչել որպես Ցեղասպանություն: Նշվում է, որ այս տարբերակը հարաբերականորեն ավելի քիչ ռիսկեր է պարունակում. Հայաստանի Հանարպետությունը Հայոց ցեղասպանության շարունակական չճանաչումը կդիտարկի, որ ՄԹ-ը նախապատվությունը տալիս է Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերություններին, քան Հայաստանին: «Սակայն սա տեսակետ է, որ նրանք արդեն իսկ ունեն,- նշվում է փաստաթղթում,-իսկ հայկական սփյուռքը ՄԹ-ում, թեև բավական ակտիվ է այս հարցում, բայց քանակապես փոքր է (20 հազարից պակաս)»:

«Հայերի կոտորածի ճանաչումը որպես ցեղասպանություն կարող է ավելացնել ՄԹ վրա ճնշումները լոբբիստական այլ խմբերի կողմից` այլ «ցեղասպանութուններ» ճանաչելու համար»,- ասվում է փաստաթղթում:

Միաժամանակ նշվում է, որ Միացյալ Թագավորությունը շարունակաբար դատապարտել է անցած դարասկզբին էթնիկ հայերի կոտորածները և տեղահանություններն Օսմանյան կայսրությունում: Բրիտանական կառավարությունը ժամանակին այդ կոտորածները նկարագրել էր, որպես «հանցագործություն ընդդեմ մարդկության»: