Եռյակին չի բավարարում Կառավարության պատասխանը 12 կետի վերաբերյալ, թեև դեռ պաշտոնական տեսակետ չկա

20:50 • 02.10.14

Կառավարությանը 12 կետերի պահանջ ներկայացրած եռյակի ձևաչափով դեռևս չի քննարկվել Կառավարության երեկ՝ հրապարակված պատասխանը, սակայն եռյակը ներկայացնող քաղաքական ուժերի առանձին ներկայացուցիչներ այն կարծիքին են, որ ոչինչ չի արվել՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:


Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգությունը» ներկայացնող Թևան Պողոսյանը, ի պատասխան, հարցի, թե ինչ տպավորություն ունի իր և Արծվիկ Մինասյանի անունից՝ 12 կետերի կատարման ընթացքի վերաբերյալ երեկ ստացված պատասխանից, Թևան Պողոսյանն ասաց. «12 կետերը ներկայացնելով՝ մենք ակնկալում էինք արդյունք, գործողություններ. հաշվի առնելով, որ այդ ամենը չկա, կարող ենք ասել, որ կառավարության պատասխանը, նախնական գնահատմամբ, մեզ չի բավարում: Մենք կքննարկենք ու ավելի ամբողջական ու վերջնական պատասխան կտանք: Կարծում եմ՝ և՛ հանրահավաքին, և՛ դրանից առաջ»:


Հիշեցենք, որ Թևան Պողոսյանի և ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Կառավարությունն իր պատասխանում նշել էր, թե դրանց մի մասը նախաձեռնված և իրագործված է հենց Կառավարության կողմից, մասնավորապես՝ «պարտադիր կուտակային բաղադրիչի» վերացման հետ կապված պահանջը, մի մասի վերաբերյալ, ներկայացրել էր իրավական-մասնագիտական հիմնավորումներ, թե ինչու դրանց կատարումը հնարավոր չէ:


Մասնավորապես, նշվել էր տեսանկարահանող սարքերի ու «կարմիր գծերի» համակարգի, «Շրջանառության հարկ»-ի դրույքաչափերի, տրանսպորտի և էլեկտրաէներգիայի թանկացման հարցում միջամտության անհնարինության մասին:


Իսկ օրինակ՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու կապակցությամբ ընդդիմությանը Կառավարությունը հրավիրել էր սահմանադրական փոփոխությունների քննարկման:

 
Նույն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով նույնպես կարծում է, որ ոչինչ չի կատարվել, ի պատասխան հարցի, թե սա մասնագիտակա՞ն, թե քաղաքական պատասխան էր եռյակին՝ առաջիկա հանրահավաքին ընդառաջ, նշեց, որ սա պատասխան էր, որը ոչ մի կապ չուներ իրականության հետ:


«Կա իրականություն, որը Հայաստանում կա, և սա պատասխան էր, որը մեկը մյուսի հետ բացարձակ չի համապատասխանում. ինչ-որ խոստումներ, որ հետո անելու ենք... Ինչ-որ կիսաքայլեր, էլ չեմ ասում, որ «կուտակայինի» մասին օրենքը լրիվ նոր ձևով ընդունեցին: Ինչ-որ բարեփոխում ենք անում կամ քվեարկած քաղաքացիների մասին սխալ տեղեկատվություն…»։


Հիշեցնենք, որ Կառավարությունը նշել է, որ համապետական ընտրություններին քվեարկած քաղաքացիների տվյալների հրապարակումը քվեարկությունից հետո հակասում է ԵԽ, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին:


Արմեն Մարտիրոսյանն ի հավելումն ասաց, որ գոնե 2-3 անգամ մասնակցել է նման քննարկումներին, և Վենետիկի հանձնաժողովի փորձագետները միշտ ասել են, որ դա Հայաստանի ներքին հարցն է, մեր երկրի գործն է:


Առավել կատեգորիկ պատասխան էր տրված ընդդիմության հետևյալ պահանջի վերաբերյալ՝ չստորագրել որևէ համաձայնագիր, որով կփոխվեն Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունները, այդ թվում՝ միասնական տնտեսական համակարգը:


Արմեն Մարտիրոսյանը դեմագոգիկ է համարում նաև Կառավարության այն դիրքորոշումը, որ իր կողմից միջամտություն կլինի էլեկտրաէներգիայի, տրանսպորտի հարցում նախաձեռնողականությունը. «Երբ պետք է՝ միջամտում են, երբ պետք է ընտրությունները կեղծել, հիմա երբ պետք է Հայաստանի տնտեսական դաշտի մոնոպոլացման դեմ քայլեր, դա կոչվում է՝ չեն միջամտում»:


Անդրադառնալով հետևյալ՝ «չստորագրել որևէ համաձայնագիր, որով կփոխվի Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական միասնական համակարգը» կետի վերաբերյալ պատասխանին, որ «առաջարկում ենք ընդդիմությանը նման համաձայնագրերի ստորագրության հնարավորության գաղափարն անգամ այլևս անտեղի չշրջանառել», Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանեց. «Դե Ղարաբաղն իրենց միանձնյա մենաշնորհն է, և փորձում են այնպես անել, որ Հայաստանում նույնիսկ քաղաքացի չմնա, որ Ղարաբաղի շահի մասին խոսի»:


«Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Տիգրան Ուրիխանյանն էլ ի պատասխան հարցի, թե կարելի՞ է ասել, որ մինչև այդ պատասխանը բանակցությունների ինչ-որ մի քող մնում էր, ու դրանով ցրվեց պատրանքը, որ հնարավոր են ինչ-որ զիջումներ, ասաց, որ զուտ տեսականորեն՝ այո՝ հաշվի առնելով, որ սեպտեմբերի 30-ին՝ իշխանությանն այդ 12 կետերը կատարելու համար տրված ժամկետը մոտեցել էր, և արդեն իսկ պարզ էր, որ դրանք չեն իրականացվելու, որովհետև արդեն ժամանակ չկա:


Ւնչ վերաբերում է կառավարության պատասխանի վերաբերյալ ներեռյակային միասնական գնահատականին, ապա պատգամավորն ասաց.«Քննարկման արդյունքի մասին չեմ կարող ասել, որովհետև այն դեռ տեղի չի ունեցել։ Միանշանակ է մի բան.կատարման մասին խոսելը, կարծում եմ, անիմաստ է»:


ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ 12 կետերից բաղկացած պահանջները և հետագայում ավելացածներն ի սկզբանե ոչ քաղաքական բնույթ են կրել և վերաբերել են սոցիալական-տնտեսական, նաև՝ իրավական վիճակին, սակայն հետո դարձել են քաղաքական գործողությունների նյութ և առարկա այն պարզ պատճառով, որ դրանց լուծմանը հնարավոր չէր հասնել այլ կերպ, բացի քաղաքական ազդեցությունից:


«Հիմա դրանք, փաստացի դառնում են հանրային զանգվածային պահանջի ու բողոքի առարկա՝ ճիշտ այն պատճառով, որ դրանց իրականացումը բացակայում է»,-ասաց նա:


ԲՀԿ կուսակցության մամուլի քարտուղարը նշեց, որ եթե Կառավարությունը գնար քաղաքացիների պահանջների մի մասի բավարարման ճանապարհով, իրենք միգուցե շարունակեին բանակցությունները Կառավարության հետ: