Վարչապետը խոստացավ բողոքի ցույցի ելած առևտրականներին պատասխանել 4 օրից

13:41 • 02.10.14

Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքված` «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխությունների դեմ բողոքող բազմաթիվ առևտրականներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ ուսումնասիրել նրանց պահանջները և չորս օրից պատասխան տալ:


Այս մասին հայտարարեց կառավարության նիստից հետո վարչապետին հանդիպած երեք առևտրականներից Սամսոն Գրիգորյանը: «Վարչապետը շատ հետաքրքրված լսեց մեր խնդիրը, մենք երեք կետից բաղկացած առաջարկներ ենք ներկայացրել նրան, որոնք այս պահին չենք կարող հրապարակել: Ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու, իրենք մեր խնդիրը լուծելու են, 3-4 օրից խոստացավ պատասխան տալ մեզ»,-ասաց նա:


Նշենք, որ հնչած հայտարարության հետ բողոքող առևտրականների մի մասը չհամաձայնեց՝ շարունակելով պահանջել օրենքի վերջնական կասեցում: Նրանք որոշեցին հավաքվել երեքշաբթի օրը՝ հասկանալու, թե որոնք են լինելու իրենք հետագա քայլերը, եթե Հովիկ Աբրահամյանը դրական պատասխան չտա: