Հարյուր տարի պայքարել ենք ճանաչման համար և կշարունակենք մեր պայքարը. Մեսրոպ քահանա Լաքիսյան (լուսանկարներ)

10:16 • 02.10.14

Նյու Յորքի Մանհեթն թաղամասում գտնվող Սուրբ Լուսավորիչ Մայր եկեղեցում ցավով և ափսոսանքով են տեղեկացել Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերման մասին, սակայն դա նրանց թևաթափ չի անում և հաստատակամ են շարունակելու Հայոց ցեղասպանության ճանաչման իրենց պայքարը:


«Ցավալի երևույթ էր դա, և մենք գիտենք, որ այդ հարվածն ուղղված էր համայն հայությանը, մանավանդ մենք պատրաստվում ենք նշել Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Կարծում եմ` դա մեզ լռեցնելու փորձ էր, մեր պահանջատիրությունը լռեցնելու փորձ: Սակայն մենք հարյուր տարի պայքարել ենք, և մեր պայքարը կշարունակենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասում է եկեղեցու հոգևոր հովիվ Մեսրոպ քահանա Լաքիսյանը:



Սուրբ Լուսավորիչը նախկինում մեթոդիստ եկեղեցի է եղել, կառուցվել է 1860-ականներին, իսկ 1915-ին արդեն սկսվել է կիրառվել որպես հայկական եկեղեցի, և 2015-ի մայիսի 17-ին պատրաստվում են եկեղեցու հարյուրամյակը տոնել: Հոգևոր հովվի խոսքով` Ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայեր Նյու Յորքի Էլիս Այլենդից այն ժամանակ եկել են հենց Սուրբ Լուսավորիչ, որն այն եզակի եկեղեցիներից է, որտեղ Ցեղասպանության զոհերի աճյուններից մասունքներ են պահպանվում:


Եկեղեցու այս հատվածը հատուկ իր անունն ունի` Հիշատակի խորան: Մասունքները Դեյր Զորից այստեղ բերվել են 2000-ին` Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հովանավորությամբ և դոկտոր Հրանտ Մարգարյանի անմիջական մասնակցությամբ: «Այս ոսկորները բերեցինք ոչ թե պարզապես ցուցադրելու, այլ հիշեցնելու համար, պահանջատիրության համար»,- ասում է Սուրբ Լուսավորչի հոգևոր հովիվը:




20-րդ դարի սկզբից ի վեր եկեղեցում դեռ պահպանվում են պսակի և մկրտության արարողությունների ցանկերը: Այսօր ծխականների մոտ 70 տոկոսը գալիս է Նյու Յորքի Քուինս թաղամասից, քանի որ Մանհեթնում հայեր քիչ կան:


«Մեր եկեղեցին Մանհեթնի այս գողտրիկ թաղամասում ընտանիքի եկեղեցի է: Եթե գաք կիրակի օրերին, կտեսնեք, որ այստեղ ընտանիքներ են գալիս Մանհեթնից, հատկապես Քուինզից, գալիս են և նախ պաշտամունք ենք կատարում, այնուհետև այս սրահում ունենում ենք մտերմիկ ընտանեկան պահ: Ես նույնքան արժեվորում եմ այդ պահը, երբ հայերը տարբեր թաղամասերից գալիս են այստեղ և Աստծո հովանու ներքո ընտանեկան այդ մտերմիկ մթնոլորտն ենք ունենում,- ասում է Մեսրոպ քահանա Լաքիսյանը և ավելացնում, որ, այնուամենայնիվ, իրենց տունը Հայաստանն է,- Հայաստանը մեր տունն է, մեր հայրենիքը և մենք Հայաստանով ենք ապրում: Այս ծխի մեջ Հայաստանը ներկա է մշտապես»:




 

Եկեղեցին ունի ամենօրյա և շաբաթօրյա դպրոց, երիտասարդների երաժշտական խմբակ` «Հույսեր»-ը, որը պարբերաբար ԱՄՆ տարբեր նահանգների տարբեր եկեղեցիներից և կազմակերպություններից հրավերներ է ստանում տարբեր միջոցառումների և միայն հայկական երաժշտություն է տարածում:


Սուրբ Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգաբարձու Արթուր Մարտիրոսյանն ասում է, որ եկեղեցին շատ է կարևում հայրենիքի հետ կապը և տարբեր ծրագրերի միջոցով փորձում է էլ ավելի ամրապնդել այն:


«2013թ.-ից մեր եկեղեցին որոշեց ավելի մեծ մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացմանը, մասնավորապես,
որոշելով ունենալ քույր համայնք/ծուխ Հայաստանում՝ ի դեմս Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի, որտեղ ներկայումս սպառողական կոոպերատիվ է հիմնվել և ջերմոց է կառուցվում ընդհանուր 35 հազար դոլար արժողությամբ»,- ասում է նա:


Արթուր Մարտիրոսյանի խոսքով` եկեղեցին կիրառում է նոր սկզբունքներ, որոնք շատ կարևոր են ծրագրերի հաջողվածության և շարունակականության համար: Դա ներառում է նաև իրականացվող ծրագրին համայնքի ներկայացուցիչների մասնակցայնությունը, որպեսզի տեղական իշխանությունների հետ հավասարապես որոշումներ կայացնի նաև համայնքը, ինչպես նաև փոխադարձությունը, որի դեպքում սփյուռքահայերը իրենց կզգան գործընկերներ և ոչ թե դոնորներ:


« Իր հերթին Սբ. Լուսավորիչը ամեն տարի նախատեսում է շուրջ 10.000 դոլարի ծրագրեր իրականացնել Լճկաձորում, և շատ հավանական է, որ մյուս ամառ մենք ուխտագնացություն կազմակերպենք Լճկաձոր»,- ասում է նա: