Զարմանալի էր, թե ինչու են շահագրգիռ խավերը մտահոգվում 3 օր առաջ. Արսեն Ղազարյանը՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքից
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանի համար զարմանալի է, թե ինչու են «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխությունների մասով շահագրգիռ խավերը հիմա արտահայտում իրենց բողոքը:
«Շրջանառության հարկի հետ կապված նախաձեռնությունը քննարկվել է, ուղղակի զարմանալի էր, թե ինչու են նախագծի ուժի մեջ մտնելուց երեք օր առաջ շահագրգիռ խավերը մտահոգվում, նախապես էր պետք այդ քննարկումներին մասնակցել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Ըստ այդ փոփոխության՝ առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: «Ես գտնում եմ, որ 3,5 տոկոսը 1 տոկոսի իջեցումը շատ դրական է, մեր փոքր բիզնեսի ներկայացուցիչները բողոքում են փաստաթղթային շրջանառությունից»,- ասաց Արսեն Ղազարյանը և ավելացրեց, որ իրենք ժամանակին միությունով առաջարկել էինք, որ 3,5 տոկոս պահպանեն նրանց համար, ովքեր չեն ցանկանում կամ դեռ ի վիճակի չեն փաստաթղթային շրջանառություն ապահովել, 1 տոկոսն էլ նրանց համար, ովքեր կարողանում են ապահովել: Արդյունքում անցումային շրջանում կամաց-կամաց շուկան կգնա լեգալացման:
Նրա խոսքով՝ փաստն այն է, որ մի օր վերջին հաշվով բոլորը գալու են փաստաթղթով աշխատելուն:
«Մեզ մոտ խոշոր և մանր շուկայի շղթան միասնական է, չես կարող տարանջատել, ուղղակի այսօր մեր փոքր բիզնեսը անցնելու դրան պատրաստ չէ, և լավ կլինի, որ մենք տանք այլընտրանք, որ ով ի վիճակի է փաստաթղթաշրջանառություն ցույց տալ, թող վճարի 1 տոկոս հարկ, մյուսները՝ 3,5 տոկոս»,- ասաց նա՝շեշտելով, որ եթե զրո տոկոս էլ սարքեին այդ հարկը, շահառուները կարող էին բողոքել, քանի որ դա «ցավոտ շուկա է»:










