ԱԺ մտնում են հարստության հետ առնչություն ունեցող մարդիկ. այն զուտ տնտեսական մարմնի է վերածվում. Աշոտ Մանուչարյան
Խորհրդարանն այն է, ինչ եղել է վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում. վերածվում է առավելություններ ձեռք բերելու կամ առավելությունները պահպանելու հնարավորության: Այսպիսի տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ Ազգային ժողովի դերը:
«Որպես կանոն խորհրդարան մտնում են հարստության հետ առնչություն ունեցող մարդիկ, այսինքն, դա զուտ տնտեսական մարմնի է վերածվում: Որոշ ընդդիմադիր գործիչներ, որոշ այլ տիպի մարդիկ, որ հայտնվում են խորհրդարանում, նրանք ուղղակի փոքր բազմազանություն են մտցնում, որպեսզի միապաղաղություն չլինի»,- ասաց Աշոտ Մանուչարյանը, նշելով, թե այս տեսակետից խորհրդարանը սկզբունքորեն ոչնչի ունակ չէ, բայց առկա արտաքին ազդակների հետևանքով ստիպված են լինելու որոշ բաների արձագանքել:
«Իսկ արտաքին ազդակների նկատմամբ ամենազգայունն այդ փողի մարդիկ են: Եվ հիմա մենք կարող ենք տեսնել շատ հետաքրքիր զարգացումներ. օրինակ՝ ինչպես 1997 թվականին էր, երբ մի օր ՀՀՇ-ի ֆրակցիան քնեց, հաջորդ օրն արթնացավ և տեսավ, որ «Երկրապահների» ֆրակցիա է ստեղծվել: Այնպես որ, խորհրդարանում բացարձակապես բացառված չեն նման զարգացումները»,- հայտարարեց Մանուչարյանը:










