Ամեն ինչն իր վերջնական լուծումը կստանա ապրիլի 24-ին. «Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ

22:59 • 02.10.14

Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման համար տեղադրված արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումներից առաջացած տուգանքների դեմ բողոքող «Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնությունն այսօր Երևանում բողոքի ավտոերթ է իրականացրել, որը, ինչպես Tert.am-ին տեղեկացրեց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը, խոչընդոտվել է ոստիկանության կողմից:

 

«Ոստիկաններն անհիմն խոչընդոտել են այսօր կազմակերպված ավտոերթը՝ ամբողջ օրը չարաշահելով իրենց իրավունքները»,-ասաց նա:

 

Վերջինիս խոսքով՝ համակարգային լծակներն այսօր իրենց ձեռքում չեն, և այսօր կտրուկ գործողությունները ոչ մի տրամաբանություն չունեն: «Պահանջում ենք համաներում կիրառել տուգանված, սակայն այդ մասին չտեղեկացված վարորդների նկատմամբ: Եթե հանցագործին տալիս են համաներում, հարկային համակարգում իրականացնում են համաներում, թող վարորդների նկատմամբ էլ կիրառեն»,-ասաց նա: