Ցեղասպանության հարյուրամյակը լավագույն առիթն է զորաշարժի ենթարկելու մեր ազգային բնազդը (տեսանյութեր)

14:29 • 02.10.14

Նախախորհրդարանի անդամներ Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ ներկայացրեցին «Ազգ-բանակ» հասարակական կոմիտե ստեղծելու նոր նախաձեռնության մասին:


«Աշխարհը թևակոխել է միաբևեռությունից դեպի բազմաբևեռություն գնալու մի գործընթաց, որը խոստանում է լինել տևական: Մենք թևակոխել ենք անկայունությունների մի տևական ժամանակաշրջան, հատկապես՝ այս պատժիչ գործողությունների հետևանքով մենք տեսնում ենք ծայրահեղականների շարժ դեպի Կովկաս, սա նշանակում է, որ սահմանները թափանցիկ են դարձել»,- ասաց Գարեգին Չուգասզյանը՝ նշելով, թե եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի շուրջ ձևավորվել է արտակարգ իրավիճակ:


Նրա խոսքով՝ բոլոր միջազգային երաշխիքներն արժեք չունեն, եթե տվյալ երկիրը չի կարողանում իր անվտանգությունն ապահովել:


«Եվ այս վիճակում պետք է նայենք, թե մեր պաշտպանական համակարգն ինչքանով է համապատասխանում այս նոր իրավիճակին: Անկասկած, եթե նայենք, թե որ պետական մարմինն է, որը դեկորատիվ չէ Հայաստանում, ապա կարձանագրենք, որ բանակը միակ մարմինն է, որն ապացուցել է իր կենսունակությունը: Սակայն մեր տնտեսական հնարավորությունները մեզ թույլ չեն տալիս մեր «ավանդական» հակառակորդի հետ բավարար չափով մրցակցել: Անհրաժեշտություն է առաջանում լրջագույնս փոփոխությունների ենթարկել Հայաստանի պաշտպանական համակարգը»,- հայտարարեց Գարեգին Չուգասզյանը:


Նրա խոսքով՝ Հայաստանի համար հիմա նոր հնարավորություններ են առաջանում Իրանի հետ տանդեմի մեջ մտնելու համար։ «Պետք է հասկանալ, որ Հայաստանը ոչ թե պետք է հակառուսական, հակաարևմտյան, հակաիսլամական քաղաքականություն վարի, այլ պետք է հայամետ քաղաքականություն վարի: Եվ ահա Ցեղասպանության հարյուրամյակը լավագույն առիթն է զորաշարժի ենթարկելու մեր ազգային բնազդը: Հույսներս պետք է դնենք մեզ վրա»,- ասաց Գարեգին Չուգասզյանը։


Վարուժան Ավետիսյանը նկատեց, որ պաշտպանության համակարգում պետք է կոնսոլիդացիա տեղի ունենա, այլապես ճեղքվածք կարող է լինել, իսկ դա աղետալի հետևանքներ կունենա։


«Հաշվի առնելով մեր պաշտպանական համակարգի վիճակը, պետք է փաստենք, որ այն արմատական վերանայման կարիք ունի: «Ազգ-բանակ» ասելով, նկատի չունենք, թե բոլորին պետք է մի-մի հրացան բաժանենք, այլ պետք է բազմակողմանիորեն ներգրավվել այս համակարգում, և այստեղից պետք է լինի կյանքի մեկնարկը»,- ասաց նա, ապա հավելեց, թե ինքնապաշտպանական բնազդի վրա հիմնված կառավարման համակարգն ամենաառողջն է:


Ժիրայր Սեֆիլյանը շարունակեց. «Այն, որ մենք ունենք մեծ ներուժ ձևավորելու նոր պաշտպանական համակարգ, որը շատ ավելի արդյունավետ է լինելու, դա փաստ է: Մենք ժամանակի շնչի զգացողություն ունենք»: Բանախոսը այնուհետև նկատեց, որ զենքը լոկ մարդասպանության գործիք չէ, այն ինքնապաշտպանության գործիք է ու, որ մենք այդպիսի փորձ ունեցել ենք. «ժողովուրդը պետք չէ զինաթափված լինի: Զինաթափված ժողովուրդ երևույթը հարիր է կայսերական համակարգին»։


Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ «Ազգ-բանակ» հասարակական կոմիտե ձևավորելու համար համախմբում է պետք։ «Մենք միշտ բաց ենք եղել, կարող ենք տարբեր մտածողություն ունեցող մարդկանց կոնսոլիդացնել: Առաջիկա օրերին կսկսենք մեր համախմբումը»,- ասաց նա։


Գարեգին Չուգասզյանը միտքը շարունակեց, որ զինավարժության այն փորձը, որը կկուտակվի սահմանի վրա, պետք է տարածվի ողջ բնակչության վրա։ «Մենք՝ որպես պետություն, նահանջելու տեղ չունենք։ Մեզ համար այս մարտահրավերի իրական լինելը վկայում են ծայրահեղականների կողմից Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցումը, Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում դրանց անդամների երևան գալը»,- ասաց նա։