«Իսլամական պետության» գրոհայինները փոխել են ռազմավարությունն Իրաքում՝ մեծ կորուստներից խուսափելու համար
Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն ավտոմեքենաները փոխարինել են մոտոցիկլետներով և հեծանիվներով, հեռացել են սոցիալական ցանցերից, սկսել են ավելի հազվադեպ օգտվել բջջային հեռախոսներից՝ միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով մեծ կորուստներից խուսափելու համար: «Իսլամական պետության» ռազմավարության նման փոփոխությունների մասին է հայտնել The Times թերթը, գրում է ТАСС-ը:
Թերթի տեղեկություններով՝ սոցիալական ցանցերում ագրեսիվ քարոզչական արշավ իրականացնող ծայրահեղականների առաջնորդները «հավանաբար ամբողջական արգելք են սահմանել գրոհայինների կողմից էլեկտրոնային ցանցերի և ԶԼՄ-ների կիրառման», ինչպես նաև «մարտի դաշտում նկարահանումների համար»: Գործողությունների նման փոփոխությունը կապված է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և նրանց դաշնակիցների ավիահարվածների հետևանքով «վերջին շաբաթներին գրոհայինների շարքերում գրանցվող կորուստների հետ»:
Իրաքի հյուսիսում ծայրահեղական խմբավորումները, ինչպես վկայում են ականատեսները, լքում են շտաբ- գրասենյակները, ականապատում են հարակից տարածքները, իրենց սև դրոշներն են կախում դատարկված շենքերի վրա:
«Նրանք հարմարվում են իրավիճակին»,- ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի փոխծովակալ Ջոն Միլերը: Սակայն, նրա խոսքով, այդ առնչությամբ դաշնակիցները նույնպես փոխում են իրենց ռազմավարությունը:










