Մերկելն ու Պուտինը խոսել են Ուկրաինայի, գազի և Էբոլայի մասին

09:41 • 02.10.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի իրավիճակի զարգացման շուրջ, գրում է Корреспондент-ը։

 

«Ընդգծվել է Մինսկի խաղաղ պայմանավորվածություններին խիստ հետևելու կարևորությունը, առաջին հերթին՝ կրակի դադարեցումը, կողմերի ծանր զինտեխնիկայի ետ քաշելը, ԵԱՀԿ-ի գծով իրավիճակի արդյունավետ մոնիթորինգի ապահովումը»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

Երկու երկրների առաջնորդները «կողմ են արտահայտվել ուկրաինական գազային խնդրի շուրջ պայմանավորվածությունների իրականացմանը և շուտափույթ ձևակերպմանը»։

 

Բացի այդ, քննարկվել են ահաբեկչական սպառնալիքին, առաջին հերթին՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը դիմակայելու գործում միջազգային համագործակցության հարցերը։

 

«Քննարկվել է նաև վտանգավոր ինֆեկցիոն հիվանդության՝ Էբոլայի համաճարակի դեմ պայքարի հարցում փոխգործակցելու թեման։ Հաստատվել է շարունակել երկխոսությունը տարբեր մակարդակներում, այդ թվում՝ հոկտեմբերի 16-17-ը Միլանում Ասիա-Եվրոպա գագաթաժողովի ընթացքում»,- նշվում է հաղորդագրությունում։