Հայտնի են ԱՄՆ-ում Էբոլայով վարակված առաջին հիվանդի մասին որոշ մանրամասներ (լուսանկարներ)
Այսօր պարզվել է, թե ով է ԱՄՆ-ում Էբոլայով վարակված առաջին հիվանդը։ Նրա անունն է Թոմաս Էրիկ Դունկան, ով Լիբերիայից է և ԱՄՆ է ժամանել սեպտեմբերի 20-ին՝ իր ընտանիքին այցելելու նպատակով, գրում է Daily Mail-ը։
Դալասում այժմ խուճապն ավելանում է, քանի որ նորանոր մանրամասներ են հայտնվում Էբոլայով վարակված 42-ամյա տղամարդու մասին։
Հիվանդի հարևան Մեսուդ Օսմանովիչը NBC հեռուստաընկերությանը պատմել է, որ Դունկանը փսխել է իր տան դիմաց, որից հետո շտապ օգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց։ Բուժաշխատողները նշել են, որ դա բնական է, քանի որ Էբոլա տենդի ախտանշաններից են գլխացավը, թուլությունը, արյունահոսությունը, ինչպես նաև փսխումը և լուծը։
Նշվում է նաև, որ այն բուժանձնակազմը և մեքենան, որով տեղափոխել են Դունկանին, այլևս այցեր չի կատարում շտապ օգնության կանչերի՝ վարակը տարածելու ռիսկի պատճառով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Տեխաս նահանգում Էբոլա վարակի կասկածանքով սեպտեմբերի 30-ին մեկ անձ տեղափոխվել էր Դալասում գտնվող Presbyterian Hospital հիվանդանոց, իսկ հաջորդ օրը հաստատվել էր նրա հիվանդ լինելու փաստը։
Այսօր ավելի վաղ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ամերիկյան կենտրոնի ղեկավար Թոմաս Ֆրիդենը հայտնել էր, որ Լիբերիայում Էբոլայով վարակված և ԱՄՆ մեկնած անձն արդեն հասցրել էր տարբեր մարդկանց և երեխաների հետ շփման մեջ մտնել, հնարավոր է, որ նրանք վարակվել են վիրուսով։
Սարսափահար ծնողները երեխաներին դպրոց չեն տանում՝ վախենալով հնարավոր վարակից։















