Անպատժելիության փոքր և մեծ օրինակներ չեն լինում. Նիկոլ Փաշինյանը գոհ է ՄԻՊ զեկույցից

18:06 • 02.10.14

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների պաշտպանի 2013թ. զեկույցից գոհ է, չնայած, ըստ նրա, 100 տոկոսանոց զեկույց չէ: Զեկույցի քննարկմանը Փաշինյանը նշեց, թե ամեն դեպքում զեկույցը նկարագրում է երկրում մարդու իրավունքների բնագավառում տիրող իրավիճակը:


Նա մասնավորապես անդրադարձավ լրագրողերի դեմ բռնություններին, երբ օրեր առաջ ԱԺ անվտանգության ղեկավարի կողմից ոտնձգության էր իրականացվել լրագրողի նկատմամբ և գործ չէր հարուցվել։


«Կխնդրեի հարցը շարունակել պահել ուշադրության կենտրոնում»,-ասաց նա և հենց զեկույցից մեջբերում արեց, որ անպատժելիության փոքր և մեծ օրինակներ չեն լինում:


Փաշինյանը նաև անդրադարձավ զեկույցում տեղ գտած՝ բուհերում ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու մասին տեղեկությանը, երբ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտած խմբի պարագլուխ հանդիսացող երիտասարդը ոչ միայն քրեական պատասխանատվության չենթարկվեց, այլ պետական նշանակության խրախուսում ստացավ՝ նշանակվելով պրոռեկտոր: «Ավելի մեծ մասշտաբի հանցագործի դարձրին Սյունիքի մարզպետ, մի հատ էլ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում տվեցին»,-ասաց նա և հավելեց, որ առանց հոգնելու պետք է այս երևույթների դեմ պայքարել:


Փաշինյանը հավատացրեց, որ ՄԻ պաշտպանը կարող է հույս դնել անձամբ իր աջակցության վրա։


Կարեն Անդրեասյանը նշեց, որ ուրախալի են նման առաջարկությունները, և ինքը զեկույցը չի հրապարակում ոչ քննադատությունների, ոչ էլ գովեստի խոսքեր լսելու համար:


Ինչ վերաբերվում է լրագրողների հետ կապված խնդրին, ապա նա նշեց, որ ԵԱՀԿ իր գործընկերներն այդ հարցով հայտարարություն են տարածել, որ ՀՀ-ում խնդիրը ոչ այդքան լրագրողներ դեմ բռնությունների քանակն է, որքան քննության պատշաճ վերաբերմունքը պատկան մարմինների կողմից։

 

Անդրեասյանը նաև նշեց, որ օգնություն կհամարեր, եթե նման դեպքերում լրագրողն անձամբ գար և դիմեր ՄԻ պաշտպանին, որից հետո իրենք կարող են իրավական գնահատական տալ: