Մայիսի 29-ին ԵՏՄ-ին միանալու նախագիծը Կառավարության հավանությանն արժանացավ

12:26 • 02.10.14

«Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ.-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագիծն այսօր ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց:


Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ՀՀ նախագահը 2013 թ-ի սեպտեմբերի 3-ին հայտարարեց Մաքսային միությանը միանալու, այդ ուղղությամբ գործնական քայլեր անելու, ապա ԵՏՄ-ին միանալու քայլերի մասին:


«Պայմանագիրը բաղկացած է մեկ ընդհանուր մասից ու վեց հավելվածից: Պայմանագրով ՀՀ-ը դառնում է ԵՏՄ անդամ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից: Պայմանագրով նախատեսվում է նաև Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի շրջանակներում ընդունված որոշումների կատարման, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունների կարգավորման, վեճերի կարգավորման հարցերը»,- ասաց նա:


Վերջինիս խոսքով՝ պայմանագրի առաջին հավելվածով ներկայացվում է ՄՄ-ի և ԵՏՄ-ի իրավապայմանագրային բազայի սահմանման, դրանց շրջանակներում կնքված ու ԵՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի ցանկը, որոնք չեն մոդիֆիկացվել ԵՏՄ պայմանագրում, և որոնց միանում է ՀՀ-ն՝ ԵՏՄ պայմանագրին զուգահեռ: Մեկ այլ հավելվածով նախատեսվում են այն փոփոխությունները, որոնք կատարվելու են միջազգային պայմանագրերում ՀՀ-ի միացման կապակցությամբ: Սահմանված են այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ ՀՀ-ի կողմից անցումային շրջանում կիրառվելու են ԵՏՄ միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման այլ մաքսատուրքեր:


«Քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Մաքսային միության անդամ պետությունների հետ և ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը իրականցվելու է երրորդ երկրների տարածքում, հինգերորդ հավելվածով սահմանվում է տարանցիկ փոխադրման բոլոր առանձնահատկությունները»,- ներկայացրեց Սուրեն Կարապետյանը:


Վարչապետը երեք օր ժամանակ տվեց փաստաթղթերի թարգմանությունները վերջնական տեսքի բերելու համար, ապա հանձնարարեց բոլոր նախարարներին յուրաքանչյուրն իր մասով վերանայի նախագիծը: