Պուտինը հայտարարել է, որ չի պատրաստվում միջամտել Լևոն Հայրապետյանին առնչվող «Բաշնեֆտ»-ի գործին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում «ВТБ Капитал»-ի «Россия Зовет!» համաժողովի ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում միջամտել «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի գործին, ում մեղադրում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված սեփականության օրինականացման համար, հաղորդում է kommersant.ru-ն:
«Դա բացարձակապես չի նշանակում, որ պետությունը նպատակադրվել է զանգվածային կերպով սեփականաշնորհման արդյունքների վերանայում սկսել, նման բան հաստատ չի լինի»,- հավելել է նա:
Ռուսաստանի քննչական կոմիտեի վարկածով՝ Վլադիմիր Եվտուշենկովը, ով 2009 թվականին բաշկիրական վառելիքաէներգետիկ համալիրի մի քանի ձեռնարկություն է գնել դրանք յուրացրած Ուրալ Ռախիմովից՝ հանրապետության նախկին նախագահի որդուց, այդկերպ կազմակերպել է հանցավոր գործողությունների արդյունքում երրորդ անձի կողմից ձեռք բերված սեփականության օրինականացումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին տնային կալանք էր սահմանվել ամենահարուստ մարդկանցից մեկի՝ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի նկատմամբ: Այս կալանքը, ի թիվս այլնի, առնչվում է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը, որն իր հերթին կապվում է «Բաշնեֆտի»՝ «Սիստեմայի» դուստր ընկերության գործով հետաքննության հետ:










