Պուտինն առաջարկել է ուշադիր հետևել իր դիմախաղին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հետևել իր դիմախաղին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` համապատասխան հայտարարությունը երկրի ղեկավարն արել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինի հետ զրույցի ժամանակ, որը կայացել է «Ռուսաստանն է կանչում» ներդրումային համաժողովի մասնակիցների ներկայությամբ:
Մի շարք մեկնաբանություններ անելու՝ Կոստինի խնդրանքին ի պատասխան նախագահը նշել է, որ Ռուսաստանի տնտեսական քաղաքականությունը ձևավորում են տնտեսական բլոկի հիմնական ներկայացուցիչները` տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, ֆիննախարար Անտոն Սիլուանովը, կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:
Պատասխանելով այն դիտարկմանը, որ վերջնական որոշումը կայացնում է նախագահը, Պուտինը կատակել է` ասելով. «Ինձ երևի պետք է միայն ժպտալ որոշ տեղերում` ցույց տալով, որ ես այնքան էլ սարսափելի չեմ, կամ հոնքերը կիտել` ցույց տալով, որ թույլ չեմ տա: Եկեք փորձենք աշխատել այս ռեժիմով»:










