Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել ուկրաինացի գործընկերներին Գոգոլ կարդալ

12:30 • 02.10.14

Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել ուկրաինացի դիվանագետներին կարդալ Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունները։ Նման պատասխանը հաջորդել է Ուկրաինայի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, որ Նովոռոսիան գյուղ է ՌԴ Պրիմորիեի երկրամասում, գրում է Лента-ն։

 

«Պատմական տգիտությունը և քաղաքական անպատասխանատվությունը դարձել են ներկայիս կիևյան իշխանությունների մի շարք ներկայացուցիչների այցեքարտը։ Պատմական արդարություն փնտրողներին խորհուրդ ենք տալիս բնօրինակով վերընթերցել Գոգոլի «Տարաս Բուլբա» ստեղծագործությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ Facebook-ի էջում։

 

Նովոռոսիայի որոնումները ռուսական Հեռավոր Արևելքում, նշել են գերատեսչությունում, «կարող են ձեզ համար անսպասելի արդյունքների հանգեցնել՝ Ուկրաինան Ամուրի մարզում հայտնաբերելու տեսքով»։

 

«Հույս ունենք, որ նման կողմնորոշումը տեղանքում չի հանգեցնի Օդեսան ամերիկյան Տեխաս նահանգում որոնելուն»,- ասվում է նախարարության գրառման մեջ։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն սեպտեմբերի 24-ի պաշտոնական հաղորդագրությունում առաջին անգամ օգտագործել է Նովոռոսիա անվանումը։ Այս տերմինն օգտագործում են ընդդիմադիրներն Ուրկրաինայի արևելքում՝ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների տարածքների անվանման համար։