Ժակ Շիրակը 2017թ. նախագահական ընտրություններում կաջակցի Սարկոզիի հակառակորդին

14:15 • 02.10.14

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հայտարարել է, որ կաջակցի նախկին վարչապետ Ալեն Ժյուպեին «Միություն հանուն ազգային շարժման» խոշոր ընդդիմադիր կուսակցությունից 2017թ. նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու համար պայքարում, գրում է РИА Новости-ն։

 

«Միություն հանուն ազգային շարժման» կուսակցությունից մեկ այլ հավանական թեկնածու կլինի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով վերջերս հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին։ Նա իր թեկնածությունն է առաջադրել կուսակցության նախագահի պաշտոնում։

 

«Եթե ես ուժ ունենայի, ապա արդեն տեղ կամրագրեի ինձ համար, նույնիսկ ամենահամեստը, Ալեն Ժյուպեի շտաբում»,- ասել է Շիրակը։

 

Նախկին նախագահի խոսքով՝ ինքը միշտ իմացել է, որ Ժյուպեի ճակատագիրը կապված կլինի Ֆրանսիայի հետ և որ դա լավ կլինի և՛ Ժյուպեի, և՛ երկրի համար։

 

Մինչդեռ, Շիրակի կինը նախկինում հայտարարել էր, որ աջակցելու է Սարկոզիին, քանի որ Ժյուպեն, իր կարծիքով, «չափազանց սառն է և չի գրավում մարդկանց, ընկերներին, պոտենցիալ ընտրողներին»։