«Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին». մինչ Շանթի գործով դատական նիստը՝ ակցիա դատարանի առջև
Մինչ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատական նիստը սկսելը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա անցկացրին մի շարք հասարակական գործիչներ և ամբաստանյալների հարազատներ:
Նրանք պահանջում էին ազատություն տալ սույն գործով բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին:
Ակցիայի մասնակից, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը, ով ևս այս գործով ամբաստանյալ է, ընդամենը պաշտպանել է հորը՝ վրա հասած ոստիկաններից:
«Իսկ մեղադրողը առաջարկում է նրան դատապարտել 5 տարվա ազատազրկման: Դրան հակառակ՝ Լիսկայի դեպքերը որակվեցին որպես ինքնապաշտպանություն ու հայտարարեցին, թե այդ ամբողջ ընթացքում նա քնած է եղել ու չի մասնակցել, սակայն տեսագրությունները հակառակն են ապացուցել: Այս իշխանությունները բազմիցս երկակի ստանդարտներ են կիրառում տարբեր առիթներով: Արդյոք նման իշխանությունները իրավունք ունե՞ն ներկայացնել հայ ժողովրդին միջազգային տարբեր ատյաններում»,-ակցիայի ընթացքում հայտարարեց նա:











