Արագաչափերն ու տեսախցիկները չեն ապահովում վարորդների անվտանգությունը. «Սեքյուրիթի դրիմը» այլ կարծիքի է

16:46 • 03.10.14

Ազգային վիճակագրության ծառայության տվյալները, թե 2013թ.-ին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչպես նաև դրանց հետևանքով զոհերի թիվն աճել է (2012-ի հետ համեմատած), «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանի համոզմամբ, երթևեկությունը վերահսկող տեսախցիկների և արագաչափ սարքերի արդյունք է:


«Տեսախցիկներն ու արագաչափերը, անշուշտ, չեն ապահովում վարորդների անվտանգությունը: Կան նաև 2013-2014 թվականների տվյալները, որտեղ կրկին ավելացել են պատահարների և վիրավորների քանակը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


2013-2014 թվականների տվյալներով՝ նվազել է միան զոհերի թիվը, որը Վարդան Հակոբյանը պայմանավորում է ամրագոտիներ օգտագործելու հանգամանքով, որն էլ հենց շրջիկ տեսուչների շնորհիվ է, քանի որ տեսախցիկները չեն ֆիքսում ամրագոտիները: Վարորդները կապում են ամրագոտիները, որպեսզի խուսափեն տեսուչների տուգանքներից:


Նրա ներկայացմամբ՝ տվյալների երկու տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մարդկանց մոտ աճել է լարվածությունը. «Մարդիկ լարված են երթևեկում, ավելի շատ արագաչափեր ու տեսախցիկներ են փնտրում ղեկին նստած, և այդ լարվածությունը բերում է վթարների»:


«Այնպես որ ոստիկանության և «Սեքյուրիթի դրիմի» պատճառաբանություններն ուղղակի պատճառաբանություններ են: Արագաչափն անցնելուց հետո մարդիկ ոտքերը դնում են գազին»,- ասաց Վարդան Հակոբյանը՝ ավելացնելով, որ ցանկացած երկրում այդ տվյալներն ուսումնասիրելուց հետո պետք է պետությունը հրաժարվեր այդ համակարգից, բայց Հայաստանում հակառակն են անում:


«Սեքյուրիթի դրիմ» ընկերության գլխավոր մասնագետ Արսեն Ղազարյանը նախ պատասխանեց, որ չափելի մեծություն չէ այն օգուտը, որը տվել են տեսախցիկները, ապա ավելացրեց. «Այսքան մարդ ավել մահացավ, այսքան մարդ ավել տուժեց նյութապես՝ դրանք չափելի չեն, ոչ ոք չի կարող չափել, թե ինչքան օգուտ տվեցին տեսախցիկներն ու արագաչափ սարքերը: Ոչ ոք չի կարող ասել, որ եթե տեսախցիկները չլինեին, ինչքան մարդ կարող էր մեռնել: Իսկ տուժողների թվի աճը պայմանավորող մի քանի գործոններ կան, որոնք մինչև սա էլ բեկումներ էին առաջացնում տվյալ տարվա և նախորդ տարվա համեմատությունների մեջ, այսինքն՝ որևէ օրինաչափություն չկա»:


Ըստ նրա՝ աճի առաջնային գործոններից մեկն էլ տրանսպորտային միջոցների քանակական աճն է. ինչքան շատ մարդ է երթևեկում, այնքան շատ մարդ է տուժում: Հաջորդը եղանակային պայմաններն են: Ինչքան ձմեռն ավելի սաստիկ է լինում, այնքան պատահարներն ավելի շատ են լինում: «Եթե համեմատենք 2014 թիվը 2013-ի կամ 2012-ի հետ, կտեսնենք, որ գնալով ձմեռն ավելի ցրտաշունչ է եղել»,- ասաց նա և ավելացրեց, որ ամենակարևորը նաև այն է, որ երբ ԱՊՊԱ համակարգը ներդրվեց, բոլորն ասացին, որ վթարների քանակն ավելացել է, բայց վթարների քանակն իրականում չէր ավելացել, այլ բոլոր վթարները սկսել էին գրանցել:


«Մեր տեսադաշտում, երբ վթար է տեղի ունենում, ոչ մեկի մտքով չի անցնում իջնել, ձեռք սեղմել և հեռանալ, մարդիկ արդեն չեն խուսափում դեպքի հանգամանքները պարզելուց»,-պարզաբանեց ընկերության գլխավոր մասնագետը: