Ճապոնիան հավելյալ 22 մլն դոլար կհատկացնի Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել Էբոլա տենդի դեմ պայքարի համար լրացուցիչ 22 միլիոն դոլար տրամադրելու մասին, հայտնում է vz.ru-ն։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս հայտարարել էր, որ երկիրը կտրամադրի 40 միլիոն դոլար հիվանդության դեմ պայքարի համար։ Այսպիսով՝ ընդհանուր առմամբ Ճապոնիան 62 միլիոն դոլար կտրամադրի։
Ի դեպ, Լիբերիայում Էբոլա վիրուսով վարակվել է NBC ամերիկյան հեռուստաընկերության օպերատորը, որին բուժման նպատակով կտեղափոխեն ԱՄՆ, հայտնել են ընկերության ներկայացուցիչները։
Հիվանդության ախտանշանները հայտնվել են հոկտեմբերի 1-ին, որից հետո նրան անմիջապես մեկուսացրել են։
Ամերիկացու անունը դեռ չի հրապարակվել՝ նրա ընտանիքի խնդրանքով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
NBC հեռուստաընկերության նախագահ Դեբրա Թերներսը հայտնել է, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի ապահովեն իրենց աշխատակցի որակյալ բուժումը։
Ներկայում բժշկական ստուգման են ենթարկվում նաև հիվանդի հետ շփում ունեցած բոլոր անձինք։










