Էբոլայի թեժ գոտում. Reuters-ի ֆոտոշարքը
Reuters գործակալությունը լուսանկարների շարք է ներկայացրել այն տարածքներից, որտեղ տարածում է գտնում Էբոլայի համաճարակը, իսկ բժիշկները և առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձում են կանգնեցնել դրա հետագա տարածումը:
Համաճարակից տուժած երկրներում հոկտեմբերի 1-ի դրությամբ հայտնի է 7.178 վարակման դեպքի մասին, որոնցից 3.338-ի դեպքում մահ է արձանագրվել:
Էբոլայի համաճարակն Արևմտյան Աֆրիկայում բռնկվել է 2014 թվականի փետրվարին՝ Գվինեայում, և շարունակվում է մինչ այժմ՝ դուրս գալով երկրի սահմաններից և տարածվելով Սիերա Լեոնեում, Նիգերիայում... Այս երկրներում բժիշկները չունեն այդ համաճարակի դեմ պայքարելու փորձ, իսկ բնակչության շրջանում հնարավոր է խուճապի առաջացում և ապատեղեկատվության տարածում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Էբոլայի հարցով հատուկ ներկայացուցիչ Էնթոնի Բանբերին նախազգուշացրել է, որ քանի դեռ վիրուսը շարունակում է մարդկանց համակել, ավելանում է հավանականությունը, որ այն մուտացիայի կենթարկվի ու կդառնա օդակաթիլային ճանապարհով փոխանցվող:
Արևմտյան Աֆրիկայում ճգնաժամի դեմ պայքարող կազմակերպություններն իրենց հերթին նախազգուշացրել էին, որ միջազգային հանրությունը 4 շաբաթ ունի այն կանգնեցնելու համար, այլապես հիվանդությունն ամբողջովին դուրս կգա վերահսկողությունից:










