Կնշվի Էջմիածնի 2699-ամյակը
Երեք օր շարունակ տոնակատարություն, համերգային ծրագրեր, ցուցահանդեսների եւ մարզական առաջնությունների կազմակերպում: Միջոցառումները նվիրված են Էջմիածնի հիմնադրման 2699-ամյակին: Էջմիածնի օրը հոկտեմբերի 8-ն է, սակայն Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի տոնը նշվում է երեք օր:
«Երեք օր նշելը ոչ թե ցուցամոլություն է, այլ ավանդույթի պահպանում»,- «Արմեպրես»-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` հավելելով, որ քաղաքի տոնի նշումը վերածվել է յուրահատուկ արարողակարգի թե՛ քաղաքային իշխանությունների, թե՛ բնակչության համար:
«Էջմիածին քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին: Սա յուրահատուկ խորհուրդ ունի: Տոնը հոկտեմբերի 8-ին նշելու առաջին եւ ամենակարեւոր պատճառն այն է, որ 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը, Հայոց այբուբենով վերադառնում էր հայրենիք, հոկտեմբերի 8-ին Էջմիածնում դիմավորեց ժողովորդը` Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: Եվ գրերի գյուտի պատվին երեք օր շարունակ տոնախմբություն եղավ Էջմիածնում: Մենք փորձում ենք այդ խորհուրդը եւս պահպանել, այդ իսկ պատճառով քաղաքի տոնի միջոցառումները շարունակվում են 3 օր` սկսելո վ հոկտեմբերի 6-ին: Հոկտեմբերի 6-ին եւ 7-ին միջոցառումներ ենք անցկացնում Էջմիածնի արվարձաններում` Զվարթնոց, Չարենց թաղամասեր` այդ տարածքների բնակիչներին անակնկալներ մատուցելով»,- ասաց Կարեն Գրիգորյանը:
Այս տարվա ծրագիրը խիտ է ու հագեցած: Հոկտեմբերի 6-ին միջոցառումների մեկնարկը կտրվի հունահռոմեական
ըմբշամարտի բաց առաջնության բացմամբ: Այնուհետեւ կկատարվի այց Զվարթնոց թաղամասում գտնվող Զոհվածների պանթեոն: Քաղաքի տոնի կապակցությամբ տեղի կունենա Արագածի զանգվածի 2-րդ շենքի խաղահրապարակի բացումը: Հոկտեմբերի 7-ին միջոցառումների մեկնարկը կտրվի Հայրենական մեծ պատերազմի հուշարձան այցելությամբ, որին կհաջորդի համերգային ծրագիրը Չարենց թաղամասում: Տոնակատարությունների երրորդ օրը առավոտյան կկատարվի այցելություն Արցախյան հեր ոսմարատի հուշարձան, որին կհաջորդի Կոմիտասի անվան մշակույթի պալատի բացումը: Նախատեսվում է, որ քաղաքի հրապարակում կանցկացվի շքերթ: Ողջ օրվա ընթացքում քաղաքապետարանին հարող պուրակներում տեղի կունենան բացօթյա համերգներ, ժամանցային ծրագրեր, ցուցադրական ելույթներ, ցուցահանդեսներ: Միջոցառումների ավարտը կեզրափակվի տոնական համերգով եւ հրավառությամբ:










