Էստոնացիները մարզվում են անտառներում Արևելքից հարձակումը հետ մղելու համար. Wall Street Journal

13:18 • 03.10.14

Էստոնացի կամավորները մարզվում են անտառներում Արևելքից հարձակումը հետ մղելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Ինչպես նշում է թերթը, վերջին ամիսներին մի քանի հարյուր կամավոր է մասնակցում նման զորավարժություններին: 2014 թվականի առաջին կեսին կամավորների թիվը կրկնապատկվել է 2013 թվականի նույն շրջանի համեմատ և հասել է 600-ի: Էստոնիայի պաշտպանության լիգայում (Kaitseliit) այժմ հաշվարկվում է մոտ 14,5 հազար անդամ մարտական ստորաբաժանումներում, մինչդեռ պրոֆեսիոնալ զորքերի թիվը մոտ 3,8 հազար է, ասված է հոդվածում:

 

Տալլինի մոտ գտնվող անտառներում ուսանողները մարզվում են բժիշկների, գործարարների, ինժեներների հետ՝ Kaitseliit-ի բարձրաստիճան անդամների ղեկավարության ներքո: Նրանք հույս ունեն, որ նման հմտությունները կօգնեն առնվազն դանդաղեցնել Արևելքից ցանկացած հարձակում:

 

Դա վկայում է այն մասին, թե ինչպես է Արևելյան Եվրոպային անհանգստացնում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, գրում է թերթը և նշում Լիտվայում, Լեհաստանում և Լատվիայում նման շարժումների տարածման աճը: Ինչ վերաբերում է Kaitseliit-ին, այն ենթարկվում է երկրի պաշտպանության նախարարությանը, և լիգայի անդամները պետք է ծառայության ներկայանան ազգային ճգնաժամի դեպքում: