«Շրջանառության հարկի մասին» օրենքի որոշ դրույթներ պետք է կարգավորվեն. Սևանի քաղաքապետ

22:31 • 03.10.14

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխությունների դեմ բողոքում են նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի փոքր ձեռնարկատերերը: Ինչպես Tert.am-ին փոխանցեց քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, երեկ քաղաքի գրեթե բոլոր խանութները փակ էին:


«Գրեթե բոլոր խանութները փակ էին, միայն մի քանի խանութ էր գործում: Ոնց որ ամբողջ Հայաստանի առևտրականները, Սևանի առևտրականները ևս բողոքներ ունեն՝ կապված օրենքի հետ: Նրանք առաջարկություններ ունեն այդ օրենքը փոխելու համար»,-ասաց նա:

 

Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ այսօր արդեն խանութներն սկսել են աշխատել: «Չեմ կարծում, որ Սևանի քաղաքացիները ցույցերը շարունակելու նպատակ ունեն: Օրենքը, որն արդեն ընդունված է, իմ կարծիքով՝ լուրջ պարզաբանումների կարիք ունի հասարակության շրջանում»,-ասաց նա՝ նշելով, որ դա հարկային մարմնի գործն է, նա պետք է կարողանա պարզաբանել ժողովրդի համար, թե որոնք են օրենքի դրական կողմերը, որոնք՝ բացասական, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել: Իսկ բողոքներն ավելի շատ չհասկացվածության արդյունք են:

 

Քաղաքապետը նշեց, որ այդ օրենքի մասին շատ լավ կարծիք ունի, բայց դրույթներ կան, որոնք ժամանակի ընթացքում պետք է կարգավորվեն: «Օրենքը պետք է մտնի գործունեության մեջ, և բնական է, որ շտկումներ կարող են լինել»,-ասաց նա: