Արտամարմնային բեղմնավորման ներդրումը 10 տարվա պատմություն ունի. առաջին եռյակն արդեն 10 տարեկան է
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը արտամարմնային բեղմնավորման հիմնադրման 10-ամյակը նշանավորող գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց, թե այսօր մեր երկրի և կենտրոնի համար նշանակալի օր է. տասը տարի առաջ ծնվեցին առաջին երեխաները, որոնք լույս աշխարհ եկան արտամարմնային բեղմնավորման շնորհիվ:
«Լրանում է տասը տարին, որ ծնվել է մեր առաջին եռյակը: Նաև այս տարի մենք նշում ենք ևս մեկ տոն, մեկ տարի առաջ, շնորհիվ «Արագիլ» հիմնադրամի, լույս աշխարհ եկան ևս առաջին երեխաները, որոնք էլի եռյակ են»,-ասաց Գեորգի Օկոևը:
Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենն ասաց նաև, թե որպես հաջողություն կարող են արձանագրել հարյուրավոր երեխաների ծնունդը, որոնք լույս աշխարհ են եկել արտամարմնային բեղմնավորման ճանապարհով:
«Կարող ենք արձանագրել բոլոր նոր տեխնոլոգիաները, որոնք այսօր օգտագործվում են, և շնորհիվ դրա՝ մենք կարող ենք հպարտանալ և ասել, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատում է այն ստանդարտներով, որոնք ներդրված են զարգացած բոլոր երկրներում»,-նշեց բժիշկը:
Հարցին, թե այս միջոցին դիմած զույգերից քանի՞ տոկոսն է երեխաներ ունենում, Գեորգի Օկոևը պատասխանեց. «Ամբողջ աշխարհում ստանդարտ կա, մոտավորապես 37-38 %-ի դեպքում է ավարտվում ծննդաբերությամբ»։
Բժիշկն ասաց նաև, թե արտամարմնային բեղմնավորման մեթոդին սկզբից դիմում էին միայն այն դեպքում, երբ խնդիր ունեին կանայք։ «Սակայն այսօր այս մեթոդի շնորհիվ արդեն դիմում են այն ընտանեկան զույգերը, որոնց մոտ խնդիրը կապված է տղամարդկանց հետ: Եվ եթե նախկինում դոնորական սերմ էին օգտագործում, որպեսզի ընտանիքը երեխա ունենա, ապա շնորհիվ այս տեխնոլոգիաների, պրակտիկորեն զրոյի են մոտենում այն դեպքերը, երբ պետք է լինում դոնորական սերմ օգտագործել»,-ասաց Գեորգի Օկոևը:
Միջոցառմանը ներկա էին նաև այն երեխաները, որոնք ծնվել են արտամարմնային բեղմնավորման միջոցով: Նրանք Վրաստանում են ապրում:
Եռյակի մայրը, ով 13 տարի երեխա չէր ունենում, ասաց, թե շնորհիվ մեր բժիշկների՝ իրենք ունեն այս եռյակը:
«Անցել է 10 տարի, մենք այստեղ ենք, շնորհակալ ենք հրավերի համար: Հավատում էի, որ նման արդյունք կլինի»,-ասաց երեխաների մայր Կարինա Մայսուրաձեն՝ նշելով, որ իր տղային անվանակոչել է բժշկի անունով՝ Գեորգի:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)










