Նիկոլա Սարկոզին հրապարակել է իր նախընտրական ծրագիրը

19:46 • 03.10.14

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը: Այն իրական կդառնա, եթե «Միություն` հանուն ազգային շարժման» կուսակցությունը ընտրի Սարկոզիին` որպես 2017-ի նախագահական մրցապայքարի թեկնածու:


Ինչպես ներկայացնում է Euromag-ը` Le Figaro շաբաթական պարբերականում հրապարակված ծրագիրը մի շարք խիստ տնտեսական բարեփոխումներ է նախատեսում, ինչպես նաև՝  միասեռական զույգերի համար արգելք՝ Ֆրանսիայում երեխաներ ունենալ արհեստական բեղմնավորման միջոցով:

 

Սարկոզիի ծրագիրը հրապարակվել է նույն օրը, երբ նրա երեք կուսակցական գործընկերոջը կալանքի տակ են առել նախկին նախագահի նախորդ նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար:


Մյուս հետաքրքրական դեպքը, որը տեղի է ունեցել նույն օր՝ կապված Սարկոզիի քաղաքականություն վերադառնալու հետ, այն է, որ նախկին նախագահ Ժակ Շիրակը, ով չի թաքցնում իր հակակրանքը Սարկոզիի նկատմամբ, հայտարարել է, որ 2017-ի նախագահական մրցապայքարում աջակցելու է թեկնածու Ալեն Ժյուպեին: