19-ամյա քրդուհի Սասունն իսլամիստների ձեռքը չընկնելու համար ինքնասպան է եղել. ԶԼՄ-ներ
Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի սիրիական թևի ներկայացուցիչ Ջեյլան Օզալփը, որն առավել հայտնի է Սասուն ծածկանունով, իսլամիստ ահաբեկիչների ձեռքը չընկնելու համար ինքնասպան է եղել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler լրատվական կայքը, 19-ամյա Օզալփն ինքնասպան է եղել Սիրիայի քրդաբնակ Քոբանիի վրա «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հարձակման ընթացքում:
Նա հեռակապով հրաժեշտ է տվել և իսլամիստ ծայրահեղականների ձեռքը չընկնելու, բռնաբարության չենթարկվելու համար իր վերջին փամփուշտով կրակել է ինքն իրեն:
Սասունն անցյալ ամիս Քոբանի մեկնած BBC-ի թղթակցին հարցազրույց էր տվել: Նա պատմել էր, որ ԻՊ-ի զինյալները զինված կանանց տեսնելիս դողում են:
Հարցազրույցում նա նշել էր, որ ահաբեկիչների ձեռքն ընկնելու փոխարեն մահը կնախընտրի:
Որոշ լրատվամիջոցներ, սակայն, չեն բացառում, որ Սասունը կարող է ողջ լինել:










